Մատչելիության հղումներ

Վահան Բադալյան․ Շատ ցավում եմ, որ հենց ստեղծագործական օջախներն ամենաշատն են տուժելու


Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ խառը հոգեվիճակում է գտնվում այս վերջին ամիսներին, քանի որ բազմաթիվ ծրագրեր այդպես էլ չկարողացան իրագործել համավարակի պատճառով:

Փոքր թատրոնը նա ղեկավարում է 2001 թվականից՝
շուրջ 20 տարի, մշտապես աչքի է ընկել իր յուրօրինակ , հրաշալի բեմադրություններով, որոնք անտարբեր չեն
կարող թողնել հանդիսատեսին իրենց ստեղծագործական որակով և այժմեական խոսքով:

Բադալյանը դեռ չգիտե, թե երբ թատրոնները կրկին կբացեն իրենց դռները հանդիսատեսի առաջ և ափսոսում է, որ այս ամիսների ընթացքում այսպիսի պարտադրված խզում առաջացավ թատրոնի և հանդիսատեսի միջև:

«Մարտ, ապրիլ ու մայիս ամիսները բավականաչափ խիտ գրաֆիկ պիտի լիներ ինձ մոտ և՛ տեղական ստեղծագործական կյանքում, և՛ միջազգային։ Բազմաթիվ նախագծեր ունեինք դրսում և Երևանում պրեմիերաներ պիտի ունենայինք։ Ուղղակի ամեն ինչ էսպես կանգնեց։ Բայց փորձում եմ ժամանակս որքան հնարավոր է օգտակար օգտագործել։ Շատ կարդում եմ էս ընթացքում, երբեք այդքան շատ ֆիլմեր չէի նայել, ինչքան էս ընթացքում», - նշեց նա։

Բադալյանը ասաց, որ մշտական կապի մեջ է թատերախմբի անդամների հետ․ - «Կիսում ենք հետաքրքրիր նորություններով՝ ով ինչ կարդաց, ով ինչ տեսավ։ Միասին քննարկում ենք։ Միակ բանը, որ ինձ շատ անհանգստացնում է հիմա, անորոշությունն է։ Կարծում եմ, որ այս անորոշությունը կլինի մեր մոտակա իրականությունը որոշ ամիսներ, գուցե նույնիսկ տարի։ Ու շատ ցավում եմ, որ հենց ստեղծագործական օջախները, հատկապես թատրոնները և այլն, ամենաշատն են տուժելու»։

Նա ասաց, որ այնքան էլ դրական չի վերաբերվում օնլայն ներկայացումներին․ - «Նաև չեմ ուզում, որ այդ միտումը նորմալ դառնա մեր միջավայրում։ Կարծես թե մեզ սովորեցնում են, որ սրանից հետո էդպես էլ կարող է լինել։ Բայց ես չեմ ուզում հավատալ ու ընդդիմանում են դրան, որովհետև թատրոնը անմիջական ներկայության, անմիջական շփման, փոխշփման վայր է։ Ուղղակի անհնար է պատկերացնել թատրոնը առանց այդ շփման»։

Բադալյանն ասաց, որ այս ընթացքում շատ է մտածում հետևյալի մասին․ - «Երկու-երեք ամիս առաջ մենք անընդհատ ներառականության մասին էինք խոսում, իրար մոտ լինելու, բոլոր պատնեշները քանդելու․․․ նաև միջազգային առումով։ Իսկ հիմա կանգնել ենք մի իրավիճակի առջև, երբ նույնիսկ քո հարազատը կարող է պոտենցիալ վտանգավոր լինել քեզ համար, դու էլ իր համար կարող ես լինել վտանգավոր՝ զուտ վարակի տարածման հետ կապված։ Խառը մտորումների մեջ եմ։ Բայց մենք, որպես մարդ արարած, փորձում ենք միշտ ադապտացվել մեզ տրված հանգամանքներին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG