Մատչելիության հղումներ

Հարյուրավոր ադրբեջանցիներ չեն կարողանում տուն վերադառնալ, օգնություն են խնդրում Պուտինից


Ռուսաստան - Դաղստանի Դերբենդ քաղաքի համայնապատկեր, արխիվ

Ռուս-ադրբեջանական սահմանին կուտակված հարյուրավոր ադրբեջանցիներ օրեր շարունակ չեն կարողանում վերադառնալ հայրենիք: Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է բացել սահմանները, որոնք փակ են ապրիլի սկզբներից՝ հակահամաճարակային միջոցառումների շրջանակում:

Ռուսաստանից տուն վերադառնալ ցանկանող Ադրբեջանի քաղաքացիները տարբեր խողովակներով դիմել են հայրենի իշխանություններին՝ խնդրելով կազմակերպել իրենց վերադարձը: Բաքվից պատասխան չստանալով՝ նրանք օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Բաքվից ընդամենը 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դաղստանի Դերբենդ քաղաքում օրեր շարունակ սահմանների բացմանն են սպասում ավելի քան 600 ադրբեջանցիներ՝ այդ թվում տասնյակ երեխաներ, ովքեր ժամանել են Ռուսաստանի տարբեր շրջաններից: Նրանց մի մասին գիշերակացի տեղ են տրամադրել մոտակա գյուղերի բնակիչները, մի մասը գիշերում է մզկիթում, ավտոմեքենայում, այլոք՝ բաց երկնքի տակ: Ադրբեջանական «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ շատերը գիշերվա ժամերին ցրտից փրկվում են խարույկի շուրջ:

«Ազատության» հյուսիսկովկասյան ծառայության հետ զրույցում ադրբեջանցի եղբայրներ Սելիմը և Հուսեյնը պատմել են, որ Դերբենդ են հասել Կրասնոդարի երկրամասից՝ հույսով, որ մայիսի 4-ից կբացեն սահմանները, և կվերադառնան տուն: Այդ օրը, սակայն, սահմանները չեն բացվել:

«Կորոնավիրուսի պատճառով մենք կորցրել ենք մեր աշխատանքը Կրասնոդարի սրճարաններից մեկում, որը փակվել է: Գումար չունենք, չէինք կարող տեղում բնակարան վարձել, այդ պատճառով էլ որոշել ենք տուն վերադառնալ, բայց արդեն մի քանի օր է սպասում ենք այստեղ», - պատմել է Սելիմը:

«Շատերն են այս վիճակում, մարդիկ այստեղ են ոչ թե որ ցանկանում են տնակներում կամ մեքենաներում գիշերել, այլ նրանք ուզում են հասնել իրենց տուն», - հավելել է Հուսեյնը:

«Թուրան»-ի հետ զրույցում էլ Էմին Ասլանովը պատմել է, որ Դերբենդում սահմանների բացմանն է սպասում ապրիլի 20-ից. - «Մենք շատ շնորհակալ ենք բոլոր նրանցից, ովքեր այս օրերին մեզ օգնել են, բայց մենք չենք կարող անդադար մնալ այստեղ: Մայիսի 1-ին մեզ տեղեկացրել են, որ սահմանը կբացեն, բոլորս եկել ենք սահմանի մոտ, բայց մեզ ներս չեն թողել, արդեն հինգ օր է փաստացի փողոցում ենք քնում»:

Լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան՝ Ադրբեջանի կառավարությունից ասել են, որ դեռևս հստակ չէ, թե երբ կբացեն համաճարակի տարածումը կանխելու նպատակով փակված սահմանը: «Ադրբեջանի քաղաքացիները կարող են վերադառնալ միայն դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով», - հայտարարել են ադրբեջանական կառավարությունից: Ալիևի վարչակազմը պնդում է, որ այդ կարգը գործում է, և վերջին շաբաթներին տուն են վերադարձրել 15 հազար քաղաքացիների՝ շաբաթական 200-500 հոգու: Իսկ թե որն է հարևանությամբ գտնվող գյուղերում օրեր շարունակ կուտակված հարյուրավոր ադրբեջանցիների՝ այդ թվում կանանց և երեխաների տունդարձի ձգձգման պատճառը, Բաքուն չի հստակեցնում:

«Մենք արդեն մեր ուժերով հասել ենք մինչև սահման: Ո՞րն է մեզ ներս չթողնելու պատճառը, պատրաստ ենք կարանտինը պահել, թող մեզ տեղավորեն վրաններում, գոնե ինչ-որ հստակություն կլինի, կիմանանք, որ երկու շաբաթից կկարողանանք տուն հասնել», - լրատվամիջոցի հետ զրույցում ասել է մեկ այլ քաղաքացի:

Մինչ այդ, Ադրբեջանի իշխանությունները հավաստիացնում են, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն ամբողջովին վերահսկելի է, պաշտոնական աղբյուրների համաձայն՝ վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 2 հազար 127, մահացել է 28 մարդ: Համաճարակի տարածումը կանխելու նպատակով երկրում մինչև մայիսի 31-ը երկարաձգված սահմանափակումները նախօրեից սկսած աստիճանաբար թուլացվում են:

XS
SM
MD
LG