Մատչելիության հղումներ

Այսօրվանից գործող տնտեսվարողները բոլոր կանոնները չէ, որ պահում են


Երևանյան սրճարաններից մեկը, 4-ը մայիսի, 2020թ.

Այսօրվանից պարետի որոշմամբ երկրում մեղմվում են արտակարգ դրության սահմանափակումները: Տեղաշարժման թերթիկի կարիք այլևս չկա: Գործի են անցնում բացօթյա սրճարանները, գեղեցկության սրահները, մանր ու մեծ առևտրականները:

Առայժմ չեն գործի մոլերն ու հանրային տրանսպորտը: Երեկ առավոտյան պարետատունը հրապարակեց այն կանոնները, որ պարտավոր են պահպանել այսօրվանից գործող տնտեսվարողները:

20 օրը մեկ մազ կտրող տղամարդիկ ստիպված էին հարմարվել, մինչև այսօր բացվեցին վարսավիրանոցները։ Սրահի ներսում հերթ չկա, որովհետև արգելված է, բոլոր հերթագրումները` հեռախոսով կամ առցանց։

Պարետի ցուցումն է ՝ գեղեցկության սրահներ-վարսավիրանոցները պետք է ախտահանվեն օրը մի քանի անգամ, օդափոխվեն երկու ժամը մեկ, անձնակազմը դիմակ-ձեռնոցով։ Իսկ սրահ մտնող բոլոր հաճախորդները պետք է ջերմաչափվեն․ ջերմություն, հազ ունեցողների մազերը կտրելու կամ մարմինը խնամելու իրավունք չկա։

«Երեկ առավոտյան ենք ծանոթացել բոլոր կանոններին, կանոններին հետևում ենք, սրահում հաճախորդներն ու արդեն մասնագետները մեկ-մեկ են սպասարկվում, մեկը դուրս է գալիս, մյուսը նոր մտնում է», - ասում է գեղեցկության սրահներից մեկի ներկայացուցիչը:

Սրահներից մեկում հաճախորդներին չէին ջերմաչափել, մենեջերն ասաց, որ առանց հպման ջերմաչափ չեն գտել, փնտրում են։ Հարևան գեղեցկության սրահում բառացիորեն խցանում էր՝ առանց սոցիալական հեռավորության պահպանման։ Նկարահանում չթույլատրեցին։

Սպասարկման ժամանակ հաճախորդների միջև անհրաժեշտ է ապահովել 1,5 մետր հեռավորություն. սա պարետի որոշման կետերից է։

Վարսահարդար Արմեն Պետրոսյանը առավոտյան արդեն 6 տղամարդու մազ էր կտրել։ Սպիրտով զինված ՝ սպասում է հաջորդներին։ Ջերմաչափ այստեղ էլ էին փնտրում։

Հանրային սննդի օբյեկտների համար պարետատունն առանձին ցուցումներ ունի․ երկու-երեք ժամը մեկ պետք է ախտահանվեն բոլոր բռնակները, սեղանները, աթոռների թիկնակները, այն ամենը, ինչի հետ հաճախորդը շփվում է: Մատուցողները` դիմակ, ձեռնոցով, սեղաններն էլ պետք է միմյանցից մեկուկես մետր հեռավորությամբ տեղադրվեն։ Արգելվում է ջ հոգուց ավելի անձանց մասնակցությամբ միջոցառումներ անցկացնել։

Ռեստորաններից մեկում, մինչդեռ, համաձայն էին, օրինակ, իմ ծննդյան օրը նշել բազմամարդ խնջույքով՝ հյուրերի քանակը սահմանափակելով 20 մարդով։

Մեկ այլ օբյեկտում՝ գինետանը անշեղորեն առաջնորդվում են պարետի ցուցումներով, նույնիսկ պարետատան իրազեկող թերթիկն են փակցրել, ոչ ոք առանց ջերմաչափման չի սպասարկվում։

Հարևան սրճարանում ջերմող աշխատակիցներ կային։ Մենեջեր Աբրահամ Երանոսյանն ասաց, որ հենց իր ջերմությունն էլ միշտ 37 է, իր բնական վիճակն է։ Դիմակ չուներ, բայց ասաց, որ նոր է հանել և հենց հիմա կրկին դնի։

«Սեղանների հեռավորությունը պահված է, կեղտը հանված է, երկու օր է` մաքրության մեջ ենք` սպիրտով մաքրման նյութերով, ամենալավ ձևերով», - ասում է սրճարաններից մեկի մենեջեր Էդի Ջոլֆայանը:

Քաղաքի կենտրոնի սրճարաններն արդեն հաճախորդի պակաս չունեին, սեղանների միջև անհրաժեշտ հեռավորությունը, սակայն, պահպանվում էր ոչ միշտ, դիմակ, ձեռնոց հիմնականում ամենուր կար, բայց սպասարկող անձնակազմից բոլորը չէ, որ այն կրում էին.- «Դիմակը հենց նոր հանեցի, որովհետև ջրի հետ գործ ունեի, նայեք ամեն ինչով մաքրում ենք, համարյա երկու-երեք ժամ է` կարգավորում ենք: Ես մենակ մի բան կասեմ մեր ժողովրդին` յուրաքանչյուր մարդ ինքն իրեն բժիշկն է»:

Պարետատան կանոնների պահպանման հսկողությունը պետք է իրականացնի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ Սակայն այստեղ սակայն ընդամենը 23 տեսուչ է աշխատում։ Ասացին, թե ներգրավելու են աշխատակիցներ նաև մյուս վարչություններից, և քաղաքացիներին հորդորում են ահազանգել իրենց թեժ գծին (8107)` եթե որևէ խախտում են նկատում:

Քաղաքացիներն ընդհանուր առմաբ կարանտինի ավարտից գոհ են՝ մեկ գլխավոր եթե-ով․ - «Եթե նորմալ պահենք մեզ»:

XS
SM
MD
LG