Մատչելիության հղումներ

Իտալիան սկսում է թուլացնել կարանտինը


Կարանտինի պայմաններում հայտնված ընտանիքը պարզել է Իտալիայի դրոշը, Հռոմ, մարտ, 2020թ.

Այսօրվանից Իտալիայում ուժի մեջ է մտնում կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված խիստ կարանտինը մեղմելու ծրագիրը, որի ընթացքում պետք է մասամբ վերաբացվի կաթվածահար վիճակում հայտնված տնտեսությունը:

Վարչապետ Ջուզեպե Կոնտեն է առաջարկել մայիսի 4-ն ընտրել որպես արգելքների թուլացման առաջին օր:

Կորոնավիուսը դաժան ավերներ է գործել Իտալիայում: Համավարակը բռնկվել է փետրվարի 21-ին: Այդ օրվանից սկսած վարակվել է շուրջ 211 հազար բնակիչ, իսկ կորոնավիրուսի հարուցած COVID-19 հիվանդությունից մահացել է գրեթե 29 հազար մարդ:

Այդ ողբերգական վիճակագրությամբ Իտալիայից առաջ է անցել միայն Միացյալ Նահանգները:

Վերջին ժամանակաշրջանում Իտալիայում մահացության օրական ցուցանիշը սկսել է նվազել:

Վարչապետ Կոնտեն ասել է, որ կառավարությունը սկսում է չեղարկել խիստ սահմանափակումների մի մասը, սակայն դա կարվի աստիճանաբար, և եթե հանկարծ նկատվի համավարակի տարածման տեմպի աճ՝ թուլացումները միանգամից կվերանայվեն:

Կարանտինի օրերին աշխատել են կենսական նշանակության հիմնարկները՝ կառավարական գրասենյակները, բանկերը, փոստատները, կոմունալ ծառայությունների գործունեությունն ապահովող մարդիկ, բուժհիմնարկները, դեղատները, պարենի խանութները, մատակարարները, ուժային կառույցները, լցակայանները և ավտոմեքենաների սպասարկման կետերը:

Այսօրվանից առնվազն 4 միլիոն իտալացիներ կվերսկսեն աշխատանքն իրենց հիմնարկներում:

Դա ընդամենը առաջին քայլն է, հետագայում՝ փուլ առ փուլ, աշխատանքը վերսկսելու իրավունք կստանան Իտալիայի տասնյակ միլիոնավոր այլ աշխատողներ:

Խանութների մեծ մասը փակ կմնա մինչև մայիսի 18-ը, ռեստորանները և սրճարանները կարող են միայն պատուհանից սպասարկել այցելուներին:

Դպրոցները, կինոթատրոնները, թանգարանները, վարսավիրանոցները կբացվեն ավելի ուշ:

Իտալիայի կառավարությունը բնակիչներին կոչ է անում պահպանել սոցիալական հեռավորությունը: Բոլոր փակ տեղերում մարդիկ պարտավոր են կրել դիմակներ, դեղատները դրանք զեղչով են վաճառելու՝ մեկ դիմակի գինը կես եվրո:

Իտալացիները գանգատվում են, թե այսօրվանից իրականացվող կառավարության ծրագիրը հստակ չէ, գործողությունների հերթականությունը լավ չէ բացատրված։

Իտալիայում մայիսի 4-ը մի քիչ լարված կլինի, սակայն կարևորը, թերևս, այն է, որ Իտալիան վերապրեց այս չար վիրուսի ժամանակաշրջանը:

XS
SM
MD
LG