Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր ասել է, որ կորոնավիրուսի համավարակի առումով քիչ տուժած շրջաններում մայիսի 4-ին կվերաբացվեն մզկիթները:
Իրանում մզկիթները, կրթական և մշակութային կենտրոնները և սրբավայրերը փակվել են մարտի սկզբին: Իրանը Մերձավոր Արևելքում համավարակից առավել տուժած երկիրն է:
«Շատ կարևոր է մզկիթներում աղոթքի ժամանակ պահպանել սոցիալական հեռավորությունը»,- հայտարարել նախագահը:
Համավարակի դեմ պայքարը կարգավորող պետական հանձնաժողովը քննարկել է Իրանում դպրոցները մայիսի 16-ին բացելու հնարավորությունը:
Իրանում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսից մահացել է ավելի քան 6 հազար 150 մարդ, ախտահարվածների թիվը մոտեցել է 96 և կես հազարին:
Արևմտյան աղբյուրները ենթադրում են, որ Իրանում վարակվածների և զոհերի իրական թիվը շատ ավելի բարձր է: