Մատչելիության հղումներ

«Ալիք Մեդիա»-ի համահիմնադիրը դատական հայց է ներկայացրել Հրանտ Բագրատյանի դեմ


Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան, արխիվ

«Ալիք Մեդիա»-ի համահիմնադիր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ապրիլի 27-ին դատական հայց է ներկայացրել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ։

Խառատյանը Բագրատյանից պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել։ Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, որ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ապրիլի 8-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ վիրավորական արտահայտություններ է արել, ինչպես նաև գոյություն չունեցող փաստեր վերագրել իրեն:

Մասնավորապես, ըստ Խառատյանի, նախկին վարչապետն իր գրառման մեջ իրեն անվանել է «սորոսական էմիսար», «սորոսական թափթփուկ» և այլն:

Բացի այդ, «Ալիք Մեդիա»-ի համահիմնադրի փոխանցմամբ, Բագրատյանն իրեն է վերագրել բաներ, որոնք աղերս չունեն իրականության հետ: Մասնավորապես հայտարարել է, թե իբր ինքը Արցախի ընտրությունները հայտարարել է կեղծված, պահանջել է Բակո Սահակյանի հրաժարականը, օգտագործել Արցախի հեղափոխական ուժերին և այլն:

«Ազատության» հարցին, թե արդյոք խոսե՞լ է Բագրատյանի հետ, փորձե՞լ է պարզել վերոհիշյալ հայտարարությունների պատճառը, Արսեն Խառատյանը պատասխանեց, թե դրա կարիքը բացարձակապես չունի։

«Կարծում եմ՝ Հրանտ Բագրատյանն իր երկարամյա պետական ծառայության փորձով և քաղաքական գործունեությամբ բավական հասուն մարդ է, որպեսզի իմանա ինչ է գրում և ինչ է ասում, այստեղ արդեն անձնական տիրույթում պարզաբանումների խնդիր չկա», - նշեց «Ալիք Մեդիա»-ի համահիմնադիրը։

Նշենք, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հրաժարվեց որևէ գնահատական հնչեցնել իր դեմ ներկայացված դատական հայցի վերաբերյալ, ընդամենը ասելով, որ ինքը հայցը չի ստացել։

Հավելենք,որ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, Արսեն Խառատյանի ներկայացրած հայցը մակագրվել է դատավոր Երեմ Եսայանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG