Մատչելիության հղումներ

Քրգործեր` գյուղերի հողերը գյուղապետերի հարազատներին էժան վարձակալության տալու համար


Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ուսումնասիրության հիման վրա Գլխավոր դատախազությունը 15 քրեական գործ է հարուցել 6 մարզերում պաշտոնեական լիազորություններն անցնելու, փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հատկանիշներով։

Կա երկու մեղադրյալ, 4 կասկածյալ, «Ազատության» հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Քրեական գործերով անցնողները տարբեր մարզերի համայնքների ներկայիս և նախկին ղեկավարներ են։

«Ձերբակալվել են, սակայն նկատի ունենալով, որ նրանց կողմից հիմնականում կա՛մ ամբողջությամբ, կա՛մ մասամբ վնասները վերականգնվել են, և նրանք հիմնականում նաև տվել են խոստովանական ցուցմունքներ, նպատակահարմարությունը գնահատելով, նախաքննական մարմինը հանգել է այն եզրակացության, որ արգելանքի պահելը նպատակահարմար չի և իմաստ չունի, և նրանց ազատ են արձակել», - ասաց Աբրահամյանը:

Ըստ քրեական գործերի՝ գյուղական բնակավայրերի ղեկավարները գյուղատնտեսական նշանակության հողատարածքները շուկայականից էժան գներով վարձակալության են տվել իրենց մտերիմներին։ Ընդ որում, գյուղապետերի մտերիմներն իրենց հերթին այդ հողատարածքներն իրենց վարձակալած գումարներից 15-20 անգամ թանկ վարձակալության են տվել հայաստանյան բջջային օպերատորներին։

Գլխավոր դատախազի խորհրդականը շեշտում է՝ համայնքների ղեկավարները գյուղատնտեսական նշանակության հողերը նման մեխանիզմով վարձակալության տալու իրավունք չեն ունեցել և դրանով իսկ պետությանը պատճառել են նյութական մեծ վնասներ։

«Ընդ որում՝ անտեսվել է այն հանգամանքը, որ այդ հողատարածքներն ունեն բացարձակապես այլ նպատակային նշանակություն և չէին կարող այդ տարածքներում նման գործունեություն ծավալել», - նշեց Գոռ Աբրահամյանը:

Ըստ դատախազության, Շիրակի մարզի Ձորաշեն համայնքի վարչական ղեկավար Գագիկ Սահակյանը դեռ 2006-ին գյուղին պատկանող 1 հեկտար հողամասը 25 տարի ժամկետով տրամադրել է իր կնոջը՝ տարեկան որպես վարձ վերցնելով 4540 դրամ։ Գործարքից ընդամենը 3 օր հետո կինը այդ հողատարածքը վարձով է տվել 105 անգամ թանկ գնով՝ տարեկան 480 հազար դրամով։ Բացի այս գործարքից, գյուղին պատկանող երկրորդ հողակտորն էլ է վարձով տվել կնոջը։ Ըստ դատախազության, մինչև 2020 թվականի փետրվարի 17-ը ընդհանուր առմամբ ստացել է ավելի քան 19 մլն դրամ շահույթ՝ նույնքան վնաս պատճառելով համայնքին։

Գագիկ Սահակայնն ընդունել է մեղադրանքը, 2 միլիոն դրամ արդեն վերադարձրել է պետությանը, մյուս մասը խոստացել է վերադարձնել առաջիկայում։

Գոռ Աբրահամյանի խոսքով, քանի որ այս սխեման լայն տարածում է ունեցել ողջ հանրապետության տարածքով, գլխավոր դատախազը մարզերի դատախազներին հանձնարարել է յուրաքանչյուր մարզի կտրվածքով մանրակրկիտ ուսումնասիրություն նախաձեռնել։ Իրավապահների նպատակն է լուծարել այդ պայմանագրերը, որպեսզի հենց համայնքները կնքեն այդ պայմանագրերը՝ այդ գումարները ուղղելով տեղական բյուջեներ։

«Առանց կատեգորիան փոխելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու կնքվել են այդ ենթավարձակալության պայմանագրերը, հետագայում համայնքների ղեկավարները որևէ միջոց չեն ձեռնարկել ապօրինի ենթավարձակալության տրվելու պրոցեսը կասեցնելու կամ դադարեցնելու ուղղությամբ, ինչը նրանց ուղղակի պարտականությունն է», - ասաց գլխավոր դատախազի խորհրդականը:

Որոշ գյուղապետերն արդեն վերականգնել են համայնքին պատճառած վնասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG