Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 82-ով, բուժվածներինը՝ 48-ով, մահացել է 27-ամյա պացիենտ


Շտապ բուժօգնության ավտոմեքենա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոտ, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 82-ով՝ հասնելով 2148-ի, գրանցվել է մահվան ևս մեկ դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Մահվան նոր դեպքի մասին Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ «իգական սեռի պացիենտը եղել է 27 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պաշտոնական կայքում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 48-ով և հասել 977-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 22 հազար 177 է:

Մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասավ 33-ի, կորոնավիրուսով վարակված ևս 2 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 1136 մարդ:

Քիչ ավելի ուշ Առողջապահության նախարարության խոսնակը որոշ մանրամասներ հավելեց մահվան նոր դեպքի վերաբերյալ:

«27-ամյա պացիենտը մոտ մեկ ամիս գտնվել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Ունեցել է բնածին խրոնիկական ծանր հիվանդություններ։ Ցավոք, կորոնավիրուսային հիվանդությունը կտրուկ վատթարացրել է երիտասարդի առողջական վիճակը և նրա կյանքը չի հաջողվել փրկել», - գրել է Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG