Մատչելիության հղումներ

Իլոն Մասկին զայրացնում է ԱՄՆ-ում սահմանված կարանտինը


Ամերիկացի գործարար և գյուտարար Իլոն Մասկը, արխիվ

Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla ամերիկյան ընկերության ղեկավար Իլոն Մասկը խստորեն դատապարտել է կորոնավիրուսի համավարակը զսպելու նպատակով Միացյալ Նահանգներում սահմանված կարանտինի պայմանները և հատկապես տանը մնալու մասին բնակիչներին պարտադրված պահանջը:

Մասկը «հակադեմոկրատական» է որակել այդ որոշումները: Երեկ նա այդ մասին խոսել է ասուլիսում:

Մասկի ընկերությունը ոչ միայն էլեկտրամեքենաներ, այլև արևային մարտկոցներ է արտադրում: Այդ արտադրանքն այս տարվա առաջին եռամսյակում անսպասելի բարձր եկամուտ է ապահովել, սակայն Մասկը դժգոհություն է հայտնել մեքենաների արտադրությունը կրճատելու կապակցությամբ:

Նա ասել է, թե կարանտինը ստիպել է փակել Կալիֆորնիայի նահանգում Ֆրեմոնտ ավանում գտնվող արտադրամսը:

«Ես ընդունում եմ, որ մարդիկ կարող են ցանկանալ մնալ տներում, բայց ասել նրանց, թե չունեն տնից դուրս գալու իրավունք և կձերբակալվեն պահանջին չենթարկվելու համար, դա, ըստ իս, ֆաշիզմ է, դա դեմոկրատիա չէ, դա ազատություն չէ», - ասել է զայրացած Իլոն Մասկը:

Մեծահարուստ և գյուտարար Մասկը ոչ միայն Tesla-ի, այլև տիեզերական թռիչքներ իրականացնող SpaceX ընկերության և մի շարք այլ կառույցների հիմնադիր ղեկավարն է: Բացի այդ, նա լուրջ ուշադրություն է հատկացնում բարեգործական առաքելությանը:

ԱՄՆ առողջապահական հիմնարկների փոխանցմամբ, կարանտինը թույլ է տալիս զսպել վարակի տարածումը:

Ամերիկյան ոչ մի նահանգում չեն ընդունել որոշում, ըստ որի մարդիկ չեն կարող լքել տները, սակայն շատ նահանգներում տեղական իշխանությունները բնակիչներին կոչ են արել դուրս գալ տներից միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, մասնավորապես, բուժհիմնարկ, դեղատուն, բանկ, փոստի բաժանմունք կամ պարենի խանութ գնալու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG