Կառավարության այսօրվա որոշման համաձայն` փոխհատուցման չափեր են սահմանվում զինծառայողների կողմից 350 և ավելի կիլոմետրը գերազանցող հեռավորությամբ արձակուրդի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու համար կատարված տրանսպորտային ծախսերի դիմաց, հայտնում են վարչապետի աշխատակազմից:
Գործող կարգով՝ Հայաստանի տարածքում 350 և ավելի կիլոմետրը գերազանցող հեռավորությամբ արձակուրդի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու համար (175կմ մեկնելը և 175կմ վերադառնալը միասին) զինծառայողներին փոխհատուցվում են տրանսպորտային ծախսերը՝ 10 հազար դրամ չափով, իսկ նրա հետ մեկնող ընտանիքի յուրաքանչյուր անդամին՝ այդ գումարի 50 տոկոսի չափով:
Հաշվի առնելով, որ ՀՀ զինված ուժերի կողմից իրականացվող խնդիրների շրջանակում բավական մեծ է բնակության հիմնական վայրերից 175 կիլոմետրը գերազանցող հեռավորությամբ ծառայության վայրեր նշանակված զինծառայողների թիվը, այդ հեռավորության համար սահմանված փոխհատուցման չափը չի բավարարում փակել զինծառայողի կատարած փաստացի ծախսերը, ինչը նաև բացասաբար է անդրադառնում թե զինծառայողների և նրանց հետ ծառայության վայրում բնակվող ընտանիքի անդամների հանգստի իրավունքի իրացման և նրանց սոցիալական վիճակի վրա:
«Նախկինում, եթե, օրինակ, ծառայության վայրը Մեղրիում էր, իսկ բնակության վայրը՝ Գյումրիում, ժամկետային զինծառայողը փոխհատուցում ստանում էր միայն մինչև Երևան հասնելու համար»,- ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումն ու ընդգծել, որ փոփոխություններն արվում են Զինված ուժերում իրականացվող հարցումների հիման վրա: Ըստ վարչապետի՝ զինվորներին հուզող և առանձնացված բոլոր հարցերը հերթով լուծում են ստանալու: