Մատչելիության հղումներ

«Իմ քայլի» պատգամավորը Վանեցյանին օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու մասին հարցադրում է արել


«Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյան, արխիվ

Իշխանական «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը այսօր ֆեյսբուքյան իր էջում մի շարք աղմկահարույց հարցադրումներ է արել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ նրա հրաժարականի պատճառների հետ կապված։

«Կարո՞ղ է մի օր պարզվել, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով: Կարո՞ղ է պարզվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստերի ճնշման ներքո նրան ստիպել է խոստովանել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու փաստը», - գրել է Հրաչյա Հակոբյանը, ընդգծելով, թե համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ օտարերկրյա գործակալներին բռնում և դատում են, երբ ուզում են հավաքագրող երկրի հետ հարաբերություն փչացնել: Իսկ եթե ոչ, գործակալին չեզոքացնում են, որ նա ուղղակի չկարողանա գործել:

«Հայաստանը չի ուզում հարաբերություններ փչացնել ոչ մի երկրի հետ», - գրել է պատգամավորն՝ այդպես էլ չմանրամասնելով, թե որ երկրի մասին է խոսքը։

Հրաչյա Հակոբյանն, ով, ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայրն է, «Ազատության» հետ զրույցում ասաց, թե կոնկրետ տեղեկություններ չունի, որ ԱԱԾ նախկին տնօրենը օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալ է եղել, բայց փոխարենը կասկածներ ունի։ Ի դեպ, պատգամավորը չբացառեց, որ նման տեղեկություններ կարող են ունենալ նաև իրավապահները։

«Տեղեկություն որպես այդպիսին չունեմ, բայց կասկածներ ունեմ, որ միգուցե այդ պայմաններում է եղել իր հրաժարականի դրվագը», - ասաց Հակոբյանը:

«Ազատության» հարցին՝ ի՞նչ է կարծում, արդյոք իրավապահ մարմինները պե՞տք է զբաղվեն իր այս հայտարարություններով, պատգամավորը պատասխանեց. «Չեմ կարծում, որ այնպիսի հայտարարություն է, որ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն, որովհետև ես որևէ բանում չեմ մեղադրել, ես հարցեր եմ տվել, հարցեր եմ բարձրացրել: Ամեն դեպքում իրավապահ մարմիններն իրենք գիտեն, եթե կա որևէ լուրջ մեղադրանք կամ հանցակազմ, թող զբաղվեն: Ուղղակի նորից եմ կրկնում՝ սրանք ուղղակի հարցեր են»:

Հարցին էլ, թե այս կասկածներն իր մոտ նո՞ր են առաջացել, թե՞ հրաժարականից հետո, Հակոբյանն արձագանքեց. «Հընթացս»:

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի մամուլի քարտուղար Քրիստինե Մելքոնյան
«Հայրենիք» զարգացման հիմնադրամի մամուլի քարտուղար Քրիստինե Մելքոնյան

Ի պատասխան մեր հարցին, թե ինչպե՞ս է Արթուր Վանեցյանը գնահատում պատգամավոր Հրաչյա Հակոբյանի այսօր արած հրապարակային հարցադրումները, ԱԱԾ նախկին տնօրենի հիմնադրած «Հայրենիք» զարգացման հիմնադրամի մամուլի քարտուղար Քրիստինե Մելքոնյանը փոխանցեց. «Հերթական անլուրջ և անպատասխանատու հայտարարությունը մեկնաբանելու կարիք չենք տեսնում, այդ հարցով կզբաղվեն մեր իրավաբանները»։

Ի դեպ, ֆեյսբուքյան իր էջում Հրաչյա Հակոբյանը անդրադարձել է նաև Արթուր Վանեցյանի՝ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ ունեցած կապերին, մասնավորապես, անելով հետևյալ հարցադրումը՝ «կարո՞ղ է պարզվել, որ Շվեյցարիայում գտնվող Արթուր Վանեցյանի ոչ միայն վարչապետի և ՀՔԾ պետի հետ ունեցած հեռախոսազրույցներն են գաղտնալսվել, այլև նրա և Միքայել Մինասյանի բանակցությունները, թե ինչպես է Վանեցյանը Մինասյանից սեփականությունները շորթում՝ նրան ու նրա ընտանիքի անդամներին քրեական պատասխանատվության չենթարկելու, և հետագայում երիտհանրապետականների «նոր իշխանություն» հաստատելու հեռանկարի դիմաց»:

«Միգուցե կան ուրիշ գաղտնալսումներ նույնպես Արթուր Վանեցյանի, Միշիկի և այլ անձանց հետ կապված», - նշեց պատգամավորը:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ

Հավելենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր արձագանքելով «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ԱԱԾ նախկին տնօրենին ուղղված հարցադրումներին, ասաց, թե այդ բնույթի բազմաթիվ հայտարարություններ կարող են արվել, բայց դրանք, իհարկե, օպերատիվ ստուգման անհրաժեշտություն կունենան և բնականաբար կստուգվեն։

Հարցին, թե արդյոք նման տեղեկատավություն Գլխավոր դատախազություն ունի՞, Արթուր Դավթյանը պատասխանեց, որ եթե նման տեղեկություններ լինեին, ապա քրեական գործ կհարուցվեր, մինչդեռ այս պահին այդպիսի քրեական վարույթ չկա։

«Այդ բնույթի ցանկացած հայտարարություն հատկապես գոնե օպերատիվ ստուգման անհրաժեշտություն ունենալու է, և բնականաբար, դրանք կստուգվեն», - նշեց գլխավոր դատախազը:

XS
SM
MD
LG