Մատչելիության հղումներ

ԱՄՆ տնտեսությունը 4,8 տոկոսի կրճատում է արձանագրել


Գրեթե դատարկ Times Square հանրահայտ հրապարակը, Նյու Յորք

Միացյալ Նահանգների տնտեսությունն այս տարվա առաջին եռամսյակում 4,8 տոկոսի կրճատում է արձանագրել: Դա առաջին անկումն է անցած վեց տարվա ընթացքում:

Համախառն ներքին արդյունքի, ապրանքների և ծառայությունների նվազման իրական ծավալը գերազանցել է փորձագետների նախատեսած 3,5 տոկոսի ցուցանիշը, հետևաբար, ԱՄՆ-ից առաջիկայում կստացվեն ավելի մտահոգիչ տվյալներ տնտեսական անկման վերաբերյալ:

Միացյալ Նահանգներում համավարակի կապակցությամբ հիմնարկների փակումները և այլ արգելքներ սահմանվել են մարտի վերջին շաբաթներին, միլիոնավոր մարդիկ գործազուրկ են դարձել:

ԱՄՆ կենտրոնական բանկը նախօրեին վերահաստատել է, որ պատրաստ է կիրառել իր տրամադրության տակ գտնվող բոլոր լծակները տնտեսության աշխուժացում ապահովելու համար:

Այդ նպատակով Կենտրոնական բանկը սահմանել է գրեթե զրոյին մոտ տոկոսադրույք, որն ուժի մեջ կլինի տեսանելի ապագայում:

ԿԲ-ի նախագահ Ջերոմ Փաուելն ասել է, որ համավարակն առնվազն ևս մեկ տարվա կտրվածքով է սպառնում տնտեսական աճին:

Ամերիկայում կորոնավիրուսի կապակցությամբ հիմնարկների և ծառայությունների փակման առաջին իսկ շաբաթների ընթացքում աշխատանքից զրկվել կամ պարապուրդի է մատնվել ավելի քան 26 միլիոն մարդ:

XS
SM
MD
LG