Հալեպահայ Զարեհ Կապրիելյանն այս գիշեր է Սիրիայից վերադարձել Հայաստան։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից նրան ու մյուս 16 ուղևորներին զննելուց հետո տեղափոխել են մեկուսացման վայր։ Երկար ճանապարհ անցնելուց հետո նրանց տեղավորել են Լոռիում։
47-ամյա Զարեհը չի նեղվում այս «բանտարկությունից»։ Կարևորը, որ 14 օր անց տուն կվերադառնա․ - «Ընտանիքիս սիրույն այս 14 օրը կդիմանամ ես։ Տխուր է։ Մարդ արարածի համար ամենադժվար բանը իրեն համար իրեն ազատությունն է։ Երբ մեկից խլում են ազատությունը, դա ամենավատ բանն է»։
Դրսից կողպված դուռ, տեղաշարժի սահմանափակումներով 14 օրվա մեկուսացում, միակ սփոփանքը, թերևս, պատշգամբից բացվող տեսարանն է։ Ափսոս, բակ իջնել չի կարող։ Չորս պատերի մեջ մեկուսացված Զարեհը հասցրել է ընտանիքի անդամներին հեռակա ծանոթացնել հյուրանոցի իր սենյակին։ Անելիք չունի, արտաքին աշխարհի հետ կապը հեռուստացույցն ու հեռախոսն են, որով ընտանիքի հետ օրը մի քանի անգամ խոսում է։
2018-ին Երևանում մշտական բնակություն հաստատած սիրիահայ Կապրիելյանը մարտի սկզբին Հալեպ էր մեկնել՝ անձնական գործերով։ Ասում է, որ նոր կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ չունի։ Առավոտյան չափել են ջերմությունը՝ նորմալ էր։ Մեկուսացումը կազմակերպողները զգուշացրել են՝ հարց լինելու դեպքում կարող են անմիջապես զանգահարել։
Զարեհը շաքարային դիաբետ ունի, սակայն դեղորայքի կարիք չունի։ Նա վստահ է, որ 14 օր անց թեստը բացասական կլինի։ Իսկ վստահության պատճառն, ըստ նրա, Հալեպում վիրուսի տարածվածության ցածր մակարդակն է։
Նրա փոխանցմամբ, Հալեպում մարդիկ հիմնականում առանց դիմակ և այլ պաշտպանիչ միջոցների էին։ Խանութները մեծամասամբ բաց էին։ Միակ արգելքը երեկոյան 6-իդ մինչև առավոտյան վեցը տանից դուրս չգալն է։
Սիրիական «Սանա» լրատվական գործակալության տվյալներով, ավելի քան 18 միլիոն բնակչություն ունեցող Սիրիայում վարակված է ընդամենը 43 մարդ, կորոնավիրուսը այս երկրում 3 մարդու կյանք է խլել։ Արդեն բուժվել է 21 մարդ։
Փորձագետները, սակայն, կասկածի տակ են դնում պատերազմող երկրի պաշտոնական վիճակագրությունը։
Բացի Դամասկոս - Երևան թռիչքից, երեկ նաև մեկ ինքնաթիռ էլ Կիևից է Երևան ժամանել՝ Հայաստան բերելով 144 քաղաքացու։ Նրանք ևս մեկուսացվել են։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն օրերս Ազատությանն ասել էր, որ մեկուսացված է ավելի քան երկու հազար մարդ։