Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 65-ով, բուժվածներինը՝ 34-ով


Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 65-ով՝ հասնելով 1932-ի, այսօր «Ազատության» հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

«Այսօր ժամը 11-ի դրությամբ մենք ունենք հաստատված կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1932 դեպք, որոնցից 900-ը առողջացել են, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում փաստացի ստանում է 1000 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարել ենք 20 հազար 189 թեստավորում: Եթե օրվա կտրվածքով վերցնենք, երեկ՝ այսինքն ամսի 28-ին, ունենք գրանցված 65 նոր դեպք և 34 առողջացածներ: Մահերի հետ կապված՝ ունենք ընդհանուր կորոնավիրուսային հիվանդությունից հաստատված մահվան 30 դեպք: Ուզում եմ շեշտել, որ նախորդող օրերին արձանագրվել է մահվան ևս երկու դեպք, ովքեր փաստացի եղել են մեր դրական հաստատված դեպքերից, սակայն պացիենտները մահացել են այլ հիվանդության պատճառով, այսինքն՝ կրել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով», - ասաց Նիկողոսյանը:

Հաստատվել է, որ կորոնավիրուսով վարակվել են նաև «Էրեբունի» բժշկական ու Մարալիկի առողջության կենտրոնների անձնակազմերը։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Շուշան Հունանյանն այսօր «Ազատության» հետ զրույցում այդպես էլ թիվ չնշեց, թե բուժանձնակազմից քանիսն են վարակված։

«Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժաշխատողների շրջանում կորոնավիրուս հայտնաբերվել է, իրենք անմիջապես մեկուսացվել են, աշխատանքի չեն գալիս, մնացածը՝ բնականոն «Էրեբունի»-ն աշխատում է», - նշեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի հանրային կապերի պատասխանատուն:

«Ազատության» հարցին՝ քանի՞ հոգու մասին է խոսքը, Հունանյանը պատասխանեց. «Ես ճիշտն ասած տվյալներին չեմ տիրապետում, ճիշտ կլինի, որ այդ ինֆորմացիան ճշտեք Առողջապահության նախարարությունից»:

Իսկ թե չգիտի՞՝ քանի հոգի չի գնում աշխատանքի, Շուշան Հունանյանը պատասխանեց. «Ինքը մշտական պրոցես է, որոշակի մարդիկ վերադառնում են աշխատանքի, որոշակիները նորից մեկուսանում են, այդպես չեմ կարող ասել»:

«Ազատության» այն հարցին էլ, թե երբվանի՞ց է իրենց մոտ վիրուսը հայտնաբերվել, բժշկական կենտրոնի հանրային կապերի պատասխանատուն արձագանքեց. «Օրերի հարց է, վերջին օրերի ընթացքում՝ վերջին շաբաթվա»:

Մարալիկի առողջության կենտրոնում էլ անձնակազմից 22-ն են վարակված՝ փոխանցեց կենտրոնի ղեկավար Անուշ Հովսեփյանը։

«22 հոգի, որից 2-ը Երևանում են: Մենք ամսի 15-ից արդեն հոսպիտալիզացվել ենք, ամսի 14-ին թեստավորվել ենք, ունեցել ենք թեստի դրական արդյունք և հոսպիտալիզացվել ենք Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում: Մենք 92 հոգի ենք՝ ամբողջ անձնակազմը, դրանից 22 հոգիս ենք կորոնայով վարակվել, էդ էլ երկու պատոկով ենք եկել: Էսօր մեր ԱԿ-ում անցկացվում է նորից թեստավորում բոլոր այն բուժաշխատողների նկատմամբ, ովքեր ունեցել են բացասական թեստի արդյունք: Այսինքն՝ կրկնակի թեստավորվում են, որ մենք շուտով՝ ապագայում պատրաստվենք աշխատելու ու հանգիստ լինենք, որ մեզանից ոչ ոք վարակակիր չի», - նշեց Հովսեփյանը:

Վարակի տարածման առումով իրավիճակը կարծես կայուն է Լեռնային Ղարաբաղում. Արցախի պարետատան մամուլի հարցերով պատասխանատու Տիգրան Աբրահամյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ հաստատված 8 դեպքը չի ավելացել։

«Այս պահին ունենք հաստատված 8 դեպք, որից 5-ը արդեն բուժվել են և դուրս գրվել բուժհաստատություններից, բարեբախտաբար մահվան դեպքեր չեն գրանցվել: Մեկուսացված են այս պահին 12 քաղաքացիներ: Ընդհանուր թեստավորումների թիվը 239 է: Այսօր թեստավորում չի անցկացվել, վերջինը մեկ օր առաջ էինք իրականացրել՝ 44 թեստավորում է եղել, բոլորը՝ բացասական: Առաջիկա օրերին ևս ըստ անհրաժեշտության կիրականացվեն», - ասաց Տիգրան Աբրահամյանը:

Աբրահամյանը շարունակեց, թե առաջիկայում թեստավորումների պատասխանները կստանան Արցախում, և կարիք չի լինի պատասխանները սպասել Երևանից։

«Մտադրություն կա լաբորատորիա հիմնել, որը զինված կլինի ամենավերջին տեխնիկական լուծումներով, դրա հետ կապված արդեն կառավարությունը անհրաժեշտ գումարներ հատկացրել է, և հույս ունենք, որ առաջիկա 1-2 ամսում արդեն այդ հնարավորությունը կունենանք Արցախում», - նշեց Արցախի պարետատան մամուլի հարցերով պատասխանատուն:

XS
SM
MD
LG