Քանի որ կորոնավիրուսի համավարակի պատճառով համերգասրահները փակվել են, ներկայացումներն ու համերգները ընդհատվել են, Սան Դիեգոյում օպերային երգչուհի, սոպրանո Վիկտորիա Ռոբերթսոնը ելույթներ է ունենում իր տան փոքր պատշգամբում:
Յուրաքանչյուր կիրակի նա պատրաստվում է այնպես, ասես հանդես է գալիս օպերային համերգասրահում՝ սանրվածքը, գրիմը, զգեստը, և դուրս է գալիս պատշգամբ՝ իր փոքրիկ բեմը, ու կատարում օպերային արիաներ, հանրահայտ մեղեդիներ:
Կալիֆորնիայում տանը մնալու ռեժիմը արդեն 6 շաբաթ շարունակվում է, և Վիկտորիա Ռոբերթսոնն ասում է, որ իր ելույթները ճեղքում են միապաղաղությունը:
Առաջին համերգը երգչուհին տվել է ապրիլի 12-ին, Սուրբ Հարության տոնին, իսկ անցած կիրակի նրան լսելու համար պատշգամբի դիմացի փողոցում մոտավորապես 200 մարդ էր հավաքվել, ոմանք նաև վճարում էին համերգի համար: