Մատչելիության հղումներ

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ն լուծարվեց


Երևանի քաղաքապետարանի շենքը, արխիվ
Երևանի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Երևանի ավագանու որոշմամբ լուծարվեց «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունը:

Քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանն ավագանու նիստի ընթացքում ասաց, որ Առողջապահության նախարարը մերժել է պետպատվեր ստանալու՝ ընկերության դիմումը, հիմնավորելով, որ այդ նույն գործառույթն արդեն դրվել է երևանյան 9 պոլիկլինիկաների վրա, որոնց լաբորատոր գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և նեղ մասնագիտական խորհրդատվության համար նախատեսված ֆինանսական միջոցներ են հատկացվել:

Ավագանու ընդդիմադիր՝ «Լույս» և «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցությունների անդամներ Թեհմինա Վարդանյանը, Հռիփսիմե Առաքելյանն ու Հովհաննես Մանրիկյանը հետաքրքրվեցին, թե ինչ է լինելու 70-ից ավելի աշխատակիցների ճակատագիրը:

«12 հոգի դեռ աշխատում են, 11 հոգի բժիշկ տեղավորվել է, և 7 կամ 8 միջին բուժանձնակազմից տեղավորվել են: Մնացածը, բնականաբար, կփորձենք օգնել, բայց բոլորին չենք կարող աշխատանքով ապահովել», - պատասխանեց Բաբինյանը:

«Ունենք ևս այդքան մարդ գործազուրկ՝ սա պետք է արձանագրել», - արձագանքեց Հռիփսիմե Առաքելյանը՝ շարունակելով. - «Եվ գիտե՞ք ինձ ուղղակի ինչն է հետաքրքրում, պարոն քաղաքապետ՝ մենք պե՞տք է որոշակի դիմադրություն ցուցաբերենք առողջապահության նախարարի այս փոքրիկ կապրիզներին»:

Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամները կոչ արեցին քաղաքապետարանին երբեմն նաև ընդդիմանալ Առողջապահության նախարարության ու առհասարակ Կառավարության որոշումներին:

Քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց. - «Ո՞վ ասաց, որ պայքար չի եղել, ո՞վ ասաց, որ մենք ծրագիր չենք ներկայացրել, ուղղակի դա չընդունվեց: Գոյություն ունեն լիազորություններ, մենք մեր լիազորությունների շրջանակներում ենք աշխատում»:

«Էդ լիազորություններից քաղաքային իշխանությունները չեն կարող դուրս գալ: Էդ լիազորությունների սահմաններում մենք անում ենք ամեն ինչ: Բայց սա վեսթերն չի, և ծեծկռտուքով ինչ-որ հարցեր չենք կարողանում լուծել, կարողանում ենք լուծել միայն օրենքի սահմաններում», - հայտարարեց քաղաքապետը:

Կամսար Բաբինյանն ասաց՝ իրենք առաջարկել էին, որ քաղաքային տուբդիսպանսերը դառնար Երևանի թոքային պաթոլոգիաների քաղաքային կենտրոն: Հիմա, սակայն, այդ ծրագիրն Աբովյանի հանրապետական տուբերկուլյոզային հիվանդանոցում է իրականացվում, կենտրոնն էլ վերանվել է Թոքային պաթոլոգիաների հանրապետական կենտրոն:

Ավագանու նիստը երեքշաբթի օրը հաստատեց նաև Երևանում կանաչապատում իրականացնող 11 ընկերությունների լուծարման հարցը: Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Նավասարդյանի խոսքով՝ քանի որ ստեղծվել է կանաչապատման ՀՈԱԿ-ը և իրականացնում է նույն կանաչապատման աշխատանքները, հետևաբար՝ այդ ընկերությունների աշխատանքն անիմաստ է դարձել:

Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ կրճատված աշխատակիցները տեղափոխվել են ՀՈԱԿ, նաև հավելեց՝ 700 աշխատատեղ ունեն ՀՈԱԿ-ում, որոնք ամբողջությամբ համալրված չեն:

XS
SM
MD
LG