Մատչելիության հղումներ

Նյու Յորք նահանգի բնակչության մոտ 25 տոկոսը «կարող էր վարակված լինել կորոնավիրուսով»


ԱՄՆ - Բուժաշխատողը Նյու Յորքի հիվանդանոցներից մեկն է տեղափոխում կորոնավիրուսով վարակվածին, ապրիլ, 2020թ.

Ամերիկյան Նյու Յորք նահանգի բնակչության մոտ 25 տոկոսը կարող էր վարակված լինել կորոնավիրուսով: Այդ մասին են վկայում նահանգում անցկացված թեստավորման արդյունքները:

Հակամարմին հայտնաբերող թեստավորումն անցկացվել է Նյու Յորքի մոտ 7,5 հազար բնակիչների շրջանում, մեկ քառորդի մոտ առկա է եղել հակամարմին, հայտնել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն՝ նշելով, որ 2 միլիոն 100 հազար նյույորքցիներ կարող էին վարակված լինել կորոնավիրուսով՝ այդ մասին կասկած անգամ չունենալով:

Նյու Յորք նահանգը Ամերիկայում վարակի էպիկենտրոնն է՝ մոտ 292 հազար վարակակիր և 17 հազար 303 մահացած, ինչպես վարակակիրների, այնպես էլ զոհերի մեծ մասը՝ Նյու Յորք քաղաքում:

Նահանգային իշխանությունները թեստավորման միջոցով փորձում են պարզել ընդհանուր պատկերը՝ առաջիկայում սահմանափակումները թուլացնելու համար:

Ենթադրություններ կան, որ կորոնավիրուսով վարակվածներն արդեն իմունիտետ ունեն և կարող են վերադառնալ աշխատավայրեր, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ գիտնականներն այդ հարցով չունեն վերջնական պատասխան, հստակ չէ՝ արդյոք նախկինում վարակվածներն ապահովագրվա՞ծ են կրկնակի վարակվելուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG