Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Կիմ Չեն Ունից, սակայն այդ մասին չի պատմի:
«Ես չեմ կարող ձեզ հստակ ասել, այո, ես շատ լավ պատկերացնում եմ՝ ինչ է նրա հետ կատարվում, սակայն հիմա չեմ կարող այդ մասին խոսել: Ես պարզապես նրան ցանկանում եմ ամենայն բարիք», - Սպիտակ տանը կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է նախագահ Թրամփը:
«Ես Կիմ Չեն Ունի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, եթե ես նախագահ չլինեի, դուք այժմ պատերազմի մեջ կլինեիք: Հույս ունեմ, որ նրա հետ ամեն ինչ լավ է, ես գիտեմ՝ ինչպես է նա իրեն զգում, տեսնենք», - լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ-ի նախագահը:
Հյուսիսային Կորեայի առաջնորդը վերջին անգամ հանրությանը ներկայացել էր ապրիլի 11-ին: Նրա բացակայության հարցը հրատապ է դարձել, երբ ապրիլի 15-ին իր պապի՝ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության հիմնադիր նախագահ հանգուցյալ Կիմ Իր Սենի ծննդյան օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներն անցել են առանց երկրի առաջնորդի:
Միջազգային լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում նրա հնարավոր ծանր հիվանդության, սրտի վիրահատության, ընդհուպ՝ հնարավոր մահվան մասին: Փհենյանը պաշտոնապես չի արձագանքել այդ ենթադրություններին: