Մատչելիության հղումներ

Ավարտական և ընդունելության քննություններն այս տարի կանցկացվեն փոփոխված կարգով


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան

Այս տարի դպրոցներում կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն անցկացվի, իսկ բուհեր ընդունվելու համար դիմորդը ոչ թե մի քանի պարտադիր քննություն կհանձնի, այլ ընդամենը մեկը։

Փոփոխությունների մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով կորոնավիրուսի պայմաններում ուսումնական տարվա ավարտի և բուհերի ընդունելության գործընթացի մասին։

«Աշակերտների մինչև մարտի 13-ն ունեցած և էլեկտրոնային մատյան փոխանցած գնահատականների հիման վրա ամփոփվում են նրանց տարեկան գնահատականները, որոնք համարվում են քննական, որոնց հիման վրա աշակերտները փոխադրվում են հաջորդ աստիճան։ Փոխադրական քննություններ չեն իրականացվում նաև ավագ դպրոցի 11-րդ և 2-րդ դասարանում, ամփոփումը տեղի է ունենում նույն ձևով։ Դպրոցներում ավարտական՝ 12-րդ դասարանի քննություններ չեն իրականացվում, ամփոփումը տեղի է ունենում նույն ձևով, ինչ 4-րդ և 9-րդ դասարանների դեպքում։ Հաշվի առնելով, որ աշակերտների մի մասը ավարտական քննությունները հանձնել են նախորդ տարվա դեկտեմբերին, վերջիններիս հնարավորություն է տրվում ընտրել՝ պահպանել քննության արդյունքը կամ ընտրել տարեկան գնահատականը, որպես ատեստատում քննական գնահատական», - մանրամասնեց նախարարը։

Բուհերում ավարտական քննությունների իրականացման ձևն ընտրում են առանձին բուհերը՝ պահպանելով համավարակի կանխարգելման ուղղությամբ նախատեսված կանոնները։ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանող Սվետլանա Մուրադյանը վաղը օնլայն՝ Zoom հարթակի միջոցով պաշտպանելու է իր մագիստրոսական թեզը․ - «Մի քիչ, ճիշտն ասած, անբնական է, բայց․․․ նույն լարվածությունը կա, ոչ մի բան չի փոխվել, ուղղակի փոխվել է պաշտպանելու մեթոդը»։

Բուհերի ընդունելության գործընթացի պայմանների մասին առավել մանրամասն կհայտարարվի առաջիկա օրերին։ Քննությունը, սակայն, հեռավար չի լինելու. - «Մենք ինչու սա արեցինք, որովհետև ցանկացանք, որ ոչ միայն ատեստատներով ընդունելությունը լինի, այլ անպայման փորձենք գիտելիքը ստուգել։ Եվ դրա համար անելու ենք, անվտանգության բոլոր պայմաններում, մեկ քննություն։ Տեղաշարժի խնդիրներն էլ ենք լուծել, այսինքն՝ քննական կենտրոնները լինելու են ամբողջ հանրապետությունով մեկ, և ամբողջ հանրապետությունով մեկ մենք կիրականացնենք այդ քննությունները ոչ զանգվածային կերպով՝ սահմանափակ դիմորդներ կլինեն մեկ տարածքում՝ դիմակներով, ախտահանման միջոցներով և այլն։ Եվ ըստ հայտագրումների, արդեն մենք կկազմակերպենք։ Ասեմ, որ դուք քննությունները հանձնելու եք հուլիսի սկզբին՝ առաջին տասնօրյակի ընթացքում։ Քննությունը լինելու է պարտադիր այն առարկաներից, որ դուք պետք է տայիք։ Դիցուք, ինչ-որ տեղ եք ընտրել, որտեղ կար հայերեն, անգլերեն և մեթամատիկա, մենք ընտրել ենք այս երեք առարկաներից մեկը»։

17-ամյա Նարեկ Մակարյանը պատրաստվում է այս տարի դիմել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան։ Երկու տարի շարունակ մինչև այսօր պարապում էր երեք առարկա՝ հայոց լեզու, անգլերեն և մաթեմատիկա։ Հիմա, փաստորեն, հանձնելու է այս առարկաներից մեկը. - «Իմ կարծիքով, որոշումը ճիշտ է, որովհետև էս իրավիճակում պետք է կարողանային հա՛մ դիմորդի շահերը պաշտպանեին, հա՛մ՝ որ համալսարանները չտուժեին։ Իմ մտավախությունն էն է, որ կարողանան էնպես կազմակերպել քննությունները, որ մարդկանց առողջությանը վտանգ չսպառնա»։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակում ինչ որոշում էլ կայացվեր, ունենալու էր խոցելի կողմեր։ Նախարարությունը, նրա խոսքով, գնաց առողջապահական ռիսկերը նվազեցնելու ճանապարհով, բայց կրթական հատվածում որոշ խնդիրներ են առաջանալու. - «Օրինակ, օտար լեզուների ֆակուլտետներում կարող են խնդիրներ լինել, որովհետև բանավոր քննություն փաստորեն չի լինելու։ Եվ արդեն ակնհայտ է, որ այդ մեկ քննությունը լինելու է տվյալ լեզվի գրավոր քննությունը։ Մենք բոլորս գիտենք, որ շատ հեշտ է 20 միավոր ստանալ լեզվի քննությունից։ Պատկերացրեք, որ եթե մի հիսուն հոգի 20 միավոր ստանան, ինչպե՞ս է որոշվելու, թե նրանցից ովքեր են սովորելու պետպատվերով»։

Գնահատման և թեստավորման կենտրոնից «Ազատությանը» փոխանցեցին, որ այս տարի առաջին հայտով բուհ դիմելու ցանկություն է հայտնել արդեն 10 հազար 704 դիմորդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG