Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի վարչապետը վաղ է համարում սահմանափակումները մեղմելու մասին խոսելը


Բորիս Ջոնսոնը դիմում է իր նստավայրի մոտ հավաքվածներին։ 27-ը ապրիլի, 2020 թ․

Ուղիղ մեկ ամիս կորոնավիրուսի դեմ պայքարելուց, դրա բարդությունների պատճառով մի քանի օր վերակենդանացման բաժանմունքում անցկացնելուց հետո Մեծ Բրիտանիայի վարչապետն այսօր վերադարձավ աշխատանքի:

Օրակագում հիմա ավելի քան 152 հազար բրիտնացիների ապաքինումն է ու պայքարը համաճարակի հետագա տարածման դեմ:

«Սա երկրորդ համաշխարհային պատեազմից հետո մեր երկրին պատուհասած ամենամեծ մարտահրավերն է», - դիմելով բրիտանացիներին հայտարարեց Բորիս Ջոնսոնը` հորդորելով չկորցնել տոկունությունն ու համերաշխությունը:

«Հիմա իրական նշաններ կան, որ մենք հաղթահարում են վիրուսի տարածման պիկը` ձեր համառության, անձնազոհության ու հավաքական վճռականության շնորհիվ: Եվ եթե այդ վիրուսը անսպասելի ու անտեսանելի մի չարագործ է, ինչը սեփական մաշկիս վրա եմ զգացել, ուրեմն մենք միասին սկսել ենք դրան գետնին տապալել, ինչպես ըմբիշն իր մրցակցին»:

Անցնելով հիվանդության բոլոր փուլերով` մեկուսացումից մինչև ինտենսիվ թերապիա՝ Ջոնսոնը մի քանի անգամ ընդգծեց, որ գիտի, թե որքան բարդ է հրաժարվել հիմնարար ազատություններից, չտեսնել ընկերներին ու սիրելիներին, աշխատել տանից ու մտահոգվել աշխատանքի ու բիզնեսի մասին։

«Ես ինքս էլ ուզում եմ, որ տնտեսությունը վերականգնվի որքան հնարավոր է արագ, բայց վաղ է խոսել սահմանափակումները մեղմելու մասին», - հայտարարեց նա՝ ընդգծելով, որ օդում կախված է համաճարակի երկրորդ ալիքի վտանգը․ - «Դա կնշանակի ոչ միայն հիվանդացության ու մահացությունների նոր ալիք, այլև տնտեսական աղետ՝ ստիպելով մեզ կրկին երկրով մեկ սահմանափակումներ մտցնել և դրանով իսկ առավել ընդարձակ ու երկարաժամկետ վնասներ կրել»:

Բորիս Ջոնսոնի այս հայտարարությունները փաստացի հակասում են այն դիրքորոշմանը, որ նա որդեգրել էր դեռ մի քանի ամիս առաջ: Եվրոպայում համաճարակի տարածման առաջին շաբաթներին, երբ հարևանները մեկը մյուսի հետևից փակում էին սահմանները ու կարանտին հայտարարում, Մեծ Բրիտանիայում կյանքը շարունակվում էր նախկինի նման` բաց էին դպրոցները, գիշերային ակումբներն ու ռեստորանները:

Կառավարությունն այն ժամանակ որոշել էր մեկուսացնել միայն տարեցներին և նրանց, որ գտնվում են խոցելի խմբում: Սակայն, երբ 55-ամյա վարչապետն ինքը հայտնվեց վերակենդանացման բաժանմունքում, ակնհայտ դարձավ, որ Covid-19-ը տարքային սահմանափակումներ չի ճանաչում:

Վերջին տվյալներով, երկրում արձանագրվել է վարակի ավելի քան 150 հազար դեպքից, մահացել է ավելի քան 20 հազար մարդ։ Այս ցուցանիշով Մեծ Բրիտանիան հինգերորդն է աշխարհում` Միացյալ Նահագներից, Իտալիայից, Իսպանիայից ու Ֆրանսիայից հետո:

Սահմանափակումները վերացնելու կոնկրետ ժամկետներ Ջոնսոնն այսօր չնշեց, բայց խոստացավ լինել առավելագույնս թափանցիկ և որոշումը կայացնել ոչ միայն սեփական կաբինետի ու գիտնականների, այլև գործարարների ու քաղաքական դաշտի մյուս խաղացողների հետ համատեղ:

Ելույթից ժամեր անց հաղորդվեց, որ Բորիս Ջոնսոնը պայմանավորվել է առաջիկա օրերին հանդիպել ընդդիմության առաջնորդ, լեյբերիստների ղեկավար Քիմ Սթարմերի, իսկ հաջորդ շաբաթ` քաղաքական մյուս ուժերի հետ` Կառավարության հետագա քայլերը քննարկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG