Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսից մահացած 80-ամյա հիվանդը Գեղարքունիքի մարզից էր


Նոր կորոնավիրուսից մահացած 80-ամյա հիվանդը Գեղարքունիքի մարզից էր, տեղեկացնում է մարզպետ Գնել Սանոսյանը: Կինն ուներ ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Այսպիսով, նոր կորոնավիրուսը Հայաստանում արդեն 29 մարդու կյանք է խլել:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ընթացքում հայտարարեց՝ գալու է մի օր, երբ չենք կարողանալու գնալ բոլոր դեպքերի հետևից:

«Մինչ օրս յուրաքանչյուր հաստատված դեպքի հետևից մենք գնում ենք, ես չեմ ուզում, իհարկե, որ գա այդ օրը, բայց գալու է մի օր, որ մենք չենք կարողանալու գնալ յուրաքանչյուր դեպքի հետևից, այդ թվում նաև իմաստ չի ունենալու փակել որևէ բնակավայր: Եվ մեր ամբողջ խնդիրն այս ընթացքում եղել է այդ օրը հեռվացնելը: Մենք չեմ ուզում ասել` ինչքանով ենք հեռվացրել, որովհետև հայտնի չէ, թե այդ օրը երբ է գալու, բայց մեր խնդիրն է ամեն օր այնպես անել, որ այդ օրը հեռվանա, որովհետև հենց այդ օրը հեռվանա, գալու է այն երկրորդ տարբերակը, որ նույնիսկ մենք չենք էլ փորձելու թեթև և ասիմպտոմ դեպքերին նույնիսկ դրական պատասխան ունենալուց հետո հոսպիտալացնել կամ պահել հյուրանոցներում, այլ գնալու ենք միայն զուտ լուրջ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներին բուժելու հետևից», - նշեց նախարարը:

Անցած մեկ օրում Հայաստանում նոր կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 62-ով, հիվանդությունից բուժվել է 15 մարդ: Նախարար Թորոսյանն անդրադարձավ վերջին երկու շաբաթվա ընթացքում համավարակի դեպքերի աճին: Անցած շաբաթվա ընթացքում արձանագրվել է վարակի ավելի քան 400 դեպք, այսօրվա դրությամբ արձանագրվել է հիվանդության 1808 դեպք: Ապաքինվել է 848 մարդ, այսինքն փաստացի բուժում է ստանում 931 վարակակիր:

Այս հիվանդության դեմ պայքարի բարդությունն այն է, որ վարակի օջախի, այսպես կոչված, ծայրերը չեն երևում, նկատեց նախարարը:

«Տարածման տեմպը կարծես թե, նույնիսկ եթե բացարձակ թվերով նայում ենք, ավելանում է, բայց տոկոսներով նույնն է, և քանի որ բազան մեծանում է, հետևաբար թվերն էլ են մեծանում: Ցավոք սրտի, մենք ունենք օջախների բազմազանություն, այսինքն՝ երբ որ մենք սկզբում՝ մարտի կեսերին ունեինք հստակ ուրվագծված մեկ կամ երկու, հետո երեք օջախ, դրանից հետո, սակայն, վիրուսի տարածումն այդ օջախների տարածքից դուրս եկավ: Մենք փաստորեն հիմա, երբ որ նայում ենք համաճարակաբանական հետազոտությամբ յուրաքանչյուր դեպքը, դրանք արդեն տասնյակ, երբեմն 20 տարբեր, իրար հետ կապ չունեցող օջախներ են, ու մենք թելերը չենք կարողանում գտնել, օրինակ՝ կապը առաջին օջախների հետ, և դա բնական է», - ասաց Թորոսյանը:

Համավարակի դեպքերի աճի երկրորդ աղբյուրը բժշկական կենտրոններն են, ասաց նախարարը:

«Մի դժբախտ ուղղություն էլ ունենք, դժբախտաբար դա բժշկական կենտրոններն են, որը նորից ամբողջ աշխարհում տեղի է ունենում ու շատ մտահոգող է: Մենք հիմա մեր ամբողջ ուժերը կենտրոնացրել ենք բժշկական կենտրոնների տարածքում հիվանդության տարածումը դադարեցնելու, բժիշկներին պաշտպանելու, ինչպես նաև այն պացիենտներին, որոնք կորոնավիրուսով հիվանդ չեն, բայց բուժվում են բժշկական կենտրոններում, նրանց պաշտպանելու համար», - նշեց Արսեն Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ աճը պայմանավորված է նաև մարդկանց շարժունակությամբ, միմյանց հետ շփումներով:

«Աճող շարժունակությունը նաև բերում է նոր դեպքերի, ինչը մենք էլ ենք տեսնում, և պատրաստվում ենք հաջորդ սցենարին, երբ որ հնարավոր է մենք բոլորին չհոսպիտալացնենք կամ հյուրանոցներում չպահենք բոլորին, այլ գնանք մյուս երկրների օրինակով, երբ որ թեթև և ասիմպտոմ դեպքերը ընդհանրապես չեն հոսպիտալացվի, կմնան տանը», - նշեց նա:

Այս տարբերակն, իհարկե, իր մեջ մեծ վտանգ է պարունակում, հավելեց առողջապահության նախարարը:

«Քանի որ տնային կլաստերային դեպքեր են արձանագրվում, բայց դա կարող է լինել միակ հնարավոր ուղղությունը զարգացման, որովհետև միևնույն է հնարավոր չի բոլորին պահել հիվանդանոցներում, որևէ տեղ հնարավոր չի: Այս դեպքում մեր խնդիրը միակ կլինի միջին և ծանր դեպքերը, որոնք առողջական լուրջ խնդիրներ կունենան, ու մեր առողջապահական համակարգը կփորձի լուծել իրենց առողջական խնդիրները, որպեսզի նրանք արագ ապաքինվեն, իսկ ծայրահեղ ծանրերը չմահանան այս հիվանդությունից և դուրս գրվեն հիվանդանոցներից», - ընդգծեց Արսեն Թորոսյանը:

Թորոսյանը, համեմատելով համավարակի հայաստանյան դեպքերն այլ երկրների դեպքերի հետ, շեշտեց՝ ծանր բազմաթիվ դեպքեր չունենք, և մահացության ցուցանիշները ցածր են:

«Բոլորը ծանր հիվանդություն ունեցող մարդիկ են եղել, որ մենք, դժբախտաբար, չենք կարողացել փրկել, բայց շատերին էլ կարողացել ենք: Այդ աշխատանքը շարունակական է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էլ նույնն է ասում, այսինքն՝ հայտնաբերել, թեստավորել, մեկուսացնել, բուժել, այդ չորս քայլանոց գործողությունը մենք պետք է անենք այնքան, քանի դեռ համարում ենք, որ այս վարակը կամ չունի ուղիղ, հստակ բուժում, կամ վակցինացիա, կամ էլ քանի բոլորը չեն վարակվել և լավացել, և վարակը այլևս վտանգավոր չէ մեզ համար», - ասաց նախարարը:

Թորոսյանի տվյալներով՝ մեկուսացված է 2200 մարդ, նույնքան մարդ էլ դուրս է եկել մեկուսացումից, ինքնամեկուսացված է մոտավորապես 3000 մարդ: Նախարարն ասաց՝ Էջմիածնի օջախն արդեն մարվել է, եթե չմեկուսացնեին քաղաքացիներին, համավարակի տարածվածությունն ավելի մեծ կլիներ:

XS
SM
MD
LG