Աշխարհում օդանավերի արտադրությամբ զբաղվող երկու խոշորագույն ընկերություններից մեկի` եվրոպական Airbus-ի ղեկավարությունը հայտարարել է աշխատակիցների շրջանում հնարավոր զանգվածային կրճատումների մասին: Այս մասին ընկերության ավելի քան 130 հազար աշխատակիցներին հղած նամակում անցած շաբաթավերջին գրել է Airbus-ի գործադիր տնօրեն Գիյոմ Ֆորին:
«Ընկերությունն այս պահին աննախադեպ ծավալի կորուստներ է կրում: Մեր կանխատեսումը, ըստ որի Airbus-ի արտադրանքը ճգնաժամի հետևանքով կարող է կրճատվել մեկ երրորդով, վատթարագույն սցենարը չէ և կարող է անգամ վերանայվել», - նշել է ընկերության ղեկավարը` կոչ անելով ենթականերին պատրաստ լինել զանգվածային կրճատումներին:
«Եթե մենք արագ քայլեր չձեռնարկենք, Airbus-ի գոյությունն ինքնին հարցականի տակ կդրվի», - նշել է Ֆորին:
Ավիացիոն արդյունաբերությանը մոտ կանգնած աղբյուրների տեղեկություններով` առաջիկա ամռանն արդեն Airbus-ի 10 հազար աշխատակիցներ կարող են գործազուրկ դառնալ: