Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփի հայտարարությունը Ապրիլի 24-ի կապակցությամբ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ապրիլքսանչորսյան ուղերձով:

«Այսօր մենք միանում ենք համաշխարհային համայնքին` ոգեկոչելու 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը:

Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին՝ 1915 թվականից սկսած, մեկևկես միլիոն հայեր տեղահանվել, կոտորվել կամ քայլել են դեպի իրենց մահը:

Այս հիշատակի օրը մենք հարգանքի տուրք են մատուցում բոլոր նրանց, ովքեր տառապել կամ իրենց կյանքն են կորցրել, և միաժամանակ մենք վերահաստատում ենք առավել մարդկային և խաղաղ աշխարհ կայացնելու մեր պարտավորությունը:

Ամեն տարի ապրիլի 24-ին մենք մտորում ենք ամերիկացի և հայ ժողովուրդների հզոր և հարատև կապերի մասին: Մենք հպարտանում ենք հայերի և սիրիացիների օգնության ամերիկյան հանձնախմբի հիմնադիրներով, 1915 թվականի նախաձեռնություն, որը վճռական մարդասիրական օգնություն է ապահովել հայ փախստականներին, և մեր երախտագիտությունն ենք հայտնում հազարավոր ամերիկացիներին, ովքեր օգնել են իրենց տներից վտարված հայերին:

Այսօր մենք այդ ողբերգությունը վերապրած հայ ժողովրդի հզորության և տոկունության ականատեսն ենք: Մենք բախտավոր ենք, քանի որ այդքան հայեր իրենց հարուստ մշակույթն են հասցրել մեր ափեր և իրենց ներդրումն ունեն մեր երկրում:

Նրանց թվում են մեծ պատիվների արժանացած զինվորներ, անվանի արվեստագետներ, գործարարներ, ճարտարապետներ:

Մենք ողջունում ենք ցավալի անցյալը հաշվի առնելու և դրա հետ առնչվելու հայերի և թուրքերի ջանքերը:

Այսօր մենք հավատում ենք, որ մեր պարտավորությունն է հիշել նրանց, ովքեր տառապել և նահատակվել են և վերահաստատել ազգային և կրոնական խոցելի փոքրամասնություններին ամբողջ աշխարհում պաշտպանելու մեր նվիրվածությունը», - ասված է ուղերձում, որի տեքստը հրապարակված է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում:

XS
SM
MD
LG