Մատչելիության հղումներ

Երբեմն նաև բժիշկներն են հուզական պոռթկումներ ունենում. Մհեր Դավիդյանց


Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան

Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 73-ով, նախորդ օրվա համեմատ հաստատված դեպքերի թիվն ավելացել է 23-ով։ Բուժվածների թիվն աճել է 63-ով, գրանցվել է մահվան 3 նոր դեպք։ Մահացածները 87, 84 և 81 տարեկան մարդիկ են։ Ըստ Առողջապահության նախարարության, նրանք ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։

Ընդհանուր առմամբ, Հայաստանում արդեն 1596 մարդ է վարակված նոր կորոնավիրուսով։ Նրանցից 728-ն առողջացել են, 27-ը՝ մահացել։

Մհեր Դավիդյանց
Մհեր Դավիդյանց

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում այս պահին հոսպիտալացվածներից ամենափոքրը երեք տարեկան է, ամենատարեցը՝ 82։ Հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիթյանցն «Ազատությանն» ասաց, որ մահաբեր վիրուսը հաղթահարել ու իրենց կենտրոնից տուն են գնացել անգամ ռիսկային խմբում գտնվող տարեցներ, ոմանք՝ ուղեկցող ծանր հիվանդություններով․ - «Մենք ունեցել ենք ուռուցքով պացիենտներ, թոքաբորբով, և դրանք հաղթահարել ենք շնորհիվ մեր բուժանձնակազմի։ Ինչ խոսք, այստեղ պայքար է մղում նաև սեփական օրգանիզմը։ Բացի մեր արհեստական միջամտությունից, դեղորայքից և այլն, օրգանիզմը նույնպես պայքարում է»։

Նա պատմեց, որ երբեմն նաև բժիշկների մոտ է հուզական պոռթկում լինում՝ հատկապես, երբ բժշկի աչքի առջև հիվանդը մահանում է․ - «[Որովհետև] Ունենում ես միշտ ներքին համոզմունք, վստահություն, հույս, որ այնուամենայնիվ դա տեղի չի ունենա»։

Դավիդյանցի խոսքով, մեկ ամսից ավելի հյուրանոցում ապրող բուժանձնակազմը մի քանի ժամ հանգստանալուց հետո վերադառնում է հիվանդանոց ու շարունակում է աշխատել։ Ընտանիքի անդամների հետ բժիշկները շփվում են հեռակա։

Առաջնագծում, վտանգավոր գոտում աշխատող բժիշկների անունից Դավիդյանցը քաղաքացիներին խնդրում է կատարել նախարարության ու պարետատան բոլոր հորդորները, մնալ տանը, որպեսզի վարակը հնարավորինս քիչ տարածվի։

Վարակվածների թիվը, մինչդեռ, աճում է նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, որտեղ արդեն 54 հաստատված դեպք կա և մեկ մահ։ Մեկուսացված է 600-ից ավելի մարդ։ Մինչև ապրիլի 28-ը փակ կմնան Վարդենիսի մտնող ճանապարհները, պոլիկլինիկան չի գործում, հիվանդանոցը մասամբ է աշխատում։ Սակայն անխափան է շտապ օգնության ծառայության աշխատանքը։

Առայժմ չի հաջողվում պարզել վարակի սկզբնաղբյուրը։

Գնել Սանոսյան
Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ, այդուհանդերձ, իրավիճակը կառավարելի է։ Նա ասաց, որ մահացներից մեկը Վարդենիսի բնակիչ էր․ - «87 տարեկան կին էր, որը 8 տարի անկողնային պառկած էր։ Վերջին 5 ամիսը ծայրահեղ վատ վիճակում գոյատևում էր ուղղակի։ Երկու օր առաջ աղջկա մոտ հաստատվեց։ Դեռևս որոշակի դժվարություն ունենք սկզբնաղբյուրը պարզելու հետ կապված։ Բայց հստակ է, որ պոլիկլինիկայից է սկսվել, և կարծես արդեն շրջանակը սկսում ենք ավելի հեշտությամբ պարզել»։

Վարդենիսից առաջ փակվել էր Արարատի մարզի Նորաշեն գյուղը, ինչպես նաև Շիրակի մարզի Մարալիկ համայնքը։

Վարակվածների մեծ թիվ էր արձանագրվել նաև Չարենցավան քաղաքում։ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի փոխանցմամբ, մարզում այս պահին կորոնավիրուսով վարակված 225 քաղաքացի կա։ Վերջին երկու դեպքերից մեկը գրացվել է Աբովյանում, մյուսը՝ Հրազդանում։

Մարզպետը շտապեց հայտնել, որ նաև ուրախալի լուր ունի․ - «Չնայած սա չպետք է առիթ դառնա զգոնությունը կորցնելու, բայց երեկ Չարենցավանում շուրջ 30 նմուշառում ենք արել, և բոլորը բացասական են ստացվել։ Մարզում ունենք շուրջ մեկ տասնյակ հանգստյան տներ, որոնք վերապրոֆիլավորել ենք կոնտակտավորների և արտերկրից Հայաստան ժամանած մեր հայրենակիցների համար որպես մեկուսարաններ։ Եվ այդ շուրջ 10 հանգստյան տներում մոտ հազար քաղաքացիներ ունենք»։

XS
SM
MD
LG