Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 50-ով, բուժվածներինը՝ 26-ով


Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 50-ով՝ հասնելով 1523-ի, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Կենտրոնի պաշտոնական կայքում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 26-ով և հասել 659-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ թեստերի ընդհանուր թիվը 15 հազար 860 է:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 840 մարդ:

Մահացածների ընդհանուր թիվը 24 է:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր Կառավարության նիստի ժամանակ մանրամասներ փոխանցեց. - «Ունենք այս պահին ծայրահեղ ծանր 10 հոգի, թոքաբորբով՝ մոտ 230 հոգի, արհեստական օդափոխության վրա՝ 5 հոգի, նրանցից մեկն է, որ բավական երիտասարդ է՝ 27 տարեկան, սակայն ունի էլի խրոնիկ բնածին հիվանդություն ծանր, բժիշկները ամեն ինչ անում են, որ իրավիճակը կայունացնեն, կարծես թե հույսեր կան, որ կկարողանան կյանքը փրկել»:

«Մնացած մասով կարող եմ ասել, որ աճի տեմպը, ըստ էության, մոտավորապես նույնն է, եթե համեմատում ենք նոր դեպքերի թիվը բաժանած ընդհանուր դեպքերի թվի վրա: Մահճակալային ֆոնդի առումով դեռ ծանրաբեռնվածությունը այնպիսին չէ, որ խոսենք, օրինակ, այլ տարբերակի անցնելու, երբ որ թեթև դեպքերը տանը կմնան, այսինքն՝ դեռ ժամանակ ունենք բոլորին հոսպիտալացնելու, իսկ շատ թեթև ձևերը՝ հյուրանոցային պայմաններում պահելու համար», - նշեց նախարարը:

XS
SM
MD
LG