«Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն միայն մի դեպքում՝ եթե դադարեցվի Աբխազիայի և Հարավային Օսիայի ռուսական օկուպացիան», - այսպես են Թբիլիսիում արձագանքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի երեկ հնչեցրած հայտարարություններին, որոնց համաձայն՝ պաշտոնական Մոսկվան կողմ է Վրաստանի հետ 2008 թվականին խզված դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը` որպես առաջին քայլ դիտարկելով երկու երկրների մայրաքաղաքներում առևտրային ներկայացուցչությունների բացումը:
«Պարոն Լավրովի այդ գաղափարը հակասում է Վրաստանի օրենսդրությանը, որով առևտրային ներկայացուցչությունների ձևաչափ ընդհանրապես նախատեսված չէ: Ինչ վերաբերում է դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը, ապա դա անհնարին է, քանի դեռ Ռուսաստանը գործուն քայլեր չի ձեռնարկել մեր տարածքների դեօկուպացիայի ուղղությամբ: Վրացական իշխանությունների համար երկրի տարածքում միաժամանակ երեք ռուսական դեսպանատների գոյությունը` Թբիլիսիում, Սուխումիում և Ցխինվալիում, ուղղակի անընդունելի է», - հայտարարել է Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը Վրաստանի հետ հարաբերությունների թեմային անդրադարձավ նախօրեին` Գորչակովի անվան հանրային դիվանագիտության հիմնադրամի կազմակերպած կլոր սեղանի ընթացքում: Այդ ելույթի ժամանակ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հատուկ ընդգծել է, որ թեև ֆորմալ առումով վրաց - ռուսական կապերը այսօր պահպանվում են բացառապես Մոսկվայում և Թբիլիսիում գտնվող շվեյցարական դեսպանատներին կից գործող հատուկ բաժինների միջոցով, այնուհանդերձ ուղղակի շփումները երկու մայրաքաղաքների միջև ամբողջությամբ դադարեցված չեն:
«Որքան ես եմ հասկանում, կան և ուղղակի շփումներ թե՛ Մոսկվայում և թե՛ Թբիլիսիում: Կյանքն իրենն է թելադրում: Բայց եթե գործեն լիարժեք դեսպանատները, ապա տնտեսական, մշակութային համագործակցությանը վերաբերող խնդիրներն ավելի արագորեն և արդյունավետորեն կլուծվեին: Պատրաստ ենք վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, սակայն մենք չէ, որ խզել ենք դրանք, ուստի այդ հարցին ի վերջո պետք է անդրադառնան մեր վրաց գործընկերները: Ինչ վերաբերում է առևտրային ներկայացուցչությունների ստեղծմանը, ապա չեմ կարծում, որ Վրաստանում նման գրասենյակի առկայությունը մեզ հավելյալ արտոնություններ կշնորհի: Բայց և այնպես եթե մեզ նման առաջարկ արվի, միանշանակորեն պատրաստ ենք քննարկել այն», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Թբիլիսիում, սակայն, կարծիքներ են հնչում, որ Ռուսաստանի իշխանություններին Վրաստանի տարածքում առևտրային ներկայացուցչության բացումը անհրաժեշտ է ոչ այնքան երկկողմ գործարար կապերը բարելավելու, որքան հատուկ ծառայությունների կարիքները հոգալու համար:
«Ռուսաստանը իր իսկ վարած օկուպացիոն քաղաքականության պատճառով զրկվել է Վրաստանի տարածքում դիվանագիտական լիարժեք կորպուսի մակարդակով ներկայացված լինելու հնարավորությունից: Դա իր հերթին անհնարին է դարձրել դիվանագիտական անձեռնմխելիությամբ օժտված ռուսաստանցի հետախույզների գործունեությունը Վրաստանի դեմ, երկրում ներքաղաքական իրավիճակի ապակայունացման նպատակով սեփական գործակալական ցանցի գործողությունների համակարգումը: Այդ իսկ պատճառով ռուսական կողմը առևտրային ներկայացուցչությունների միջոցով է փորձում լրացնել այդ բացը», - նշել է թբիլիսցի փորձագետ Գոչա Գվարամիան:
Երեկ կայացած կլոր սեղանի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարարը անդրադարձավ նաև Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության բացակայությանը: Մի կողմից հույս հայտնելով, որ Մոսկվայի նախաձեռնությամբ 2019-ի հուլիսից գործող արգելքը մոտ ապագայում կվերացվի, Լավրովը մյուս կողմից փաստորեն նախապայմաններ առաջ քաշեց վրացական կողմին` նախևառաջ պահանջելով զերծ մնալ Ռուսաստանին ուղղված սուր քննադատությունից:
«Ցավոք սրտի, ավիացիոն հաղորդակցությունն առայժմ սառեցված է: Հուսով եմ, սակայն, որ մենք կկարողանանք մոտ ապագայում լուծել այդ հարցը: Մեզ համար կարևորն այն է, որ Թբիլիսիում հակառուսական քարոզչությունը կրկին թափ չհավաքի», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Թբիլիսիում, սակայն, Մոսկվայից առաջ քաշվող այս նախապայմանը լիովին մտացածին են համարում`ընդգծելով, որ չվերթները պետք է վերականգնի այն պետությունը, որն էլ դրանց դադարեցման որոշումն է կայացրել:
«Բոլորին է հայտնի, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև ավիափոխադրումները դադարեցվել են ռուսական կողմի որոշմամբ: Համապատասխանաբար, եթե Ռուսաստանը միջազգային չվերթների վերսկսմանը զուգահեռ վերանայի իր այդ դիրքորոշումը և վերսկսի դեպի Վրաստան իրականացվող թռիչքները, մենք դա միայն կողջունենք», - արձագանքելով իր ռուս գործընկերոջ հայտարարություններին՝ նշել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: