Մատչելիության հղումներ

Դիլիջան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ


Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի համար, հայտնում են Քննչական կոմիտեից (ՔԿ):

Ըստ ՔԿ-ի` համայնքի ղեկավարը, որը 2005 թվականից մինչ օրս զբաղեցրել է հիշյալ պաշտոնը, պատասխանատու լինելով Դիլիջան քաղաքի գույքի, տարածքի և այլ նյութական միջոցների պահպանության և տնօրինման համար, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով «Ընդերքի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների պահանջները, չունենալով ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու լիազորություն և համայնքի գույքը օտարելու իրավունք, առանց համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու, 2013-2016 թվականներին արտադրական կոոպերատիվի նախագահի հետ, որն իր մտերիմն է, կնքել է պայմանագրեր, որոնց հիման վրա՝ Աղստև գետի հունի մաքրման աշխատանքներից առաջացած շուրջ 21.205 մ/խ ավազակոպճային խառնուրդն անհատույց տրամադրվել է հիշյալ կոոպերատիվին՝ պետության, համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Այնուհետև, ըստ հաղորդագրության, կրկին առանց համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու` համայնքին պատկանող «TLB-825-RM» մակնիշի էքսկավատորը և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը, առանց որևէ փաստաթղթային ձևակերպման, պարբերաբար, անհատույց օգտագործման համար, տրամադրել է վերոհիշյալ կոոպերատիվի նախագահին: Իսկ երբ համայնքի գույքն առանց փաստաթղթային ձևակերպման հանձնելու փաստն իրավապահ մարմինների կողմից բացահայտվել է, այն թաքցնելու համար, նախնական համաձայնության գալով արտադրական կոոպերատիվի նախագահի հետ, համայնքի ղեկավարը հետին թվով կազմել է կեղծ փաստաթուղթ՝ պայմանգիր՝ նշված տեխնիկան կոոպերատիվին վարձակալության հանձնելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG