Մատչելիության հղումներ

Ուսանողներին աջակցություն կցուցաբերվի. վարչապետը ներկայացրել է սկզբունքը


Կառավարությունը հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակներում աջակցություն կցուցաբերի ուսանողներին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում մանրամասնել է, թե ինչ սկզբունքով է դա արվելու:

Ըստ այդմ, պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի և օրդինատուրայի 90 և ավել ՄՈԳ ունեցող և ավարտական կուրսում գտնվող ուսանողների կիսամյակի ուսման վարձերը կառավարության կողմից կվճարվեն 100 տոկոսով։ 90 և ավելի ՄՈԳ ունեցող ոչ ավարտական կուրսերի ուսանողների կիսամյակային ուսման վարձերը կվճարվեն 75 տոկոսով։ Ավարտող ուսանողները, ովքեր ուսվարձի պարտք չունեն, կարող են հրաժարվել աջակցությունից կամ ստանալ գումարը, եթե այն վճարվել է ֆիզիկական անձի կողմից։ Իսկ եթե ավարտող ուսանողի վարձը վճարվել է ուսանողական վարկի միջոցով, գումարը կուղղվի վարկի սպասարկմանը։ Այսպիսի գումարները կօգտագործվեն այլ ուսանողների վարկավորելու համար։

Վարչապետը նշել է, որ ուսանողական վարկերի տրամադրման ընթացակարգը կպարզեցվի։ 80-ից բարձր ՄՈԳ ունեցող ուսանողների գործող ու նոր տրվող վարկերի տոկոսները 2020 թվականի համար կզրոյացվեն, այդ թվում` պետության կողմից հավատարմագրում ունեցող բուհերի ուսանողների համար։

Բացի այդ, 80-ից ցածր ՄՈԳ ունեցող ուսանողների համար վարկերի տոկոսները կսուբսիդավորվեն 5 տոկոսով, այսինքն` վարկերը հասանելի կլինեն 4 տոկոսով։

«Նշեմ, որ ուսանողները վարկի մայր գումարը սպասարկում են բուհն ավարտելուց հետո»,- հավելել է Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG