Մատչելիության հղումներ

Նախագահը ստորագրել է դատավորների բարեվարքության վերաբերյալ օրենքները


Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և 13 հարակից օրենքները:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից,
օրենքներն Ազգային ժողովի կողմից նախագահի ստորագրմանն են ներկայացվել մարտի 30-ին:

«Օրենքների ընդունումը և կիրառումը պետք է հետապնդեն Սահմանադրությամբ ամրագրված դատական իշխանության անկախությունը առավել երաշխավորված դարձնելու նպատակ: Ուստի և օրենքները պետք է միտված լինեն դատական համակարգի դերի բարձրացմանն, արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացմանն, ինչպես նաև դատավորների անկախության ու անձեռնմխելիության սկզբունքների պահպանմանը: Կարևոր է, որ բացառվեն դատավորների նկատմամբ անհիմն քրեական հետապնդումների որևէ իրավական հնարավորությունը կամ նրանց իրավունքների անհարկի սահմանափակումները: Կարևոր է նաև, որ օրենքների կիրառման արդյունքում բարձրանա դատարանների հեղինակությունը և արդարադատության նկատմամբ վստահությունը»,- նշված է նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:

Ասվում է նաև, որ նախագահն ակնկալում է, որ օրենքներն անվերապահորեն կիրառվեն բարձր պատասխանատվությամբ՝ բացառելով որևէ ճնշում կամ միջամտություն դատական համակարգի գործունեության վրա:

«Առանցքային է նաև, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանվող իրավիճակային հայտարարագրեր ներկայացնելու պահանջը լինի հիմնավոր և կիրառվի միայն որպես բացառիկ միջոց: Իրավիճակային հայտարարագրեր ներկայացնող անձանց շրջանակը պետք է որոշվի ողջամտորեն, պահանջվող տեղեկատվության ծավալը պետք է լինի անհրաժեշտ և համաչափ՝ հաշվի առնելով մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, անձնական տվյալների պաշտպանության սահմանադրական պահանջները: Ակնկալվում է նաև, որ օրենքի կիրառման ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործելակերպը լինի կանխատեսելի, օրենքով սահմանված հստակ չափանիշներին և սկզբունքներին համապատասխան»,- ասված է հայտարարության մեջ:

Նաև հավելում են, որ օրենքի կիրառման ընթացքում պետք է հետևել, որ անձանց վերաբերյալ հասանելի դարձած տեղեկատվությունը չօգտագործվի ի վնաս նրանց, մասնավորապես ներդրողների և գործարարների համար չհանգեցնի անհավասար մրցակցության: Անհրաժեշտ է նաև բացառել հնարավոր այլ բացասական ազդեցությունները և ռիսկերը:

«Հանրապետության նախագահի աշխատակազմը օրենքների նախագծերի վերաբերյալ իր մտահոգություները, նկատառումներն ու հարցադրումները քննարկել է Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի նախագահի և արդարադատության նախարարի հետ և ստացել լրացուցիչ պարզաբանումներ: Հանրապետության նախագահն այսօր ստորագրել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և 13 հարակից օրենքները:

Մեծապես կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարը՝ միևնույն ժամանակ օրենքները պետք է կիրառվեն Սահմանադրությամբ ամրագրված որոշակիության և համաչափության սկզբունքների պահպանմամբ: Օրենքների անբարեխիղճ կիրառումը կարող է խաթարել պետության նկատմամբ վստահությունը:

Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում Հանրապետության նախագահն ուշադրությամբ հետևելու է օրենքների բարեխիղճ և իրավաչափ կիրառմանը»,- շեշտում են նախագահի աշխատակազմից:

XS
SM
MD
LG