Մատչելիության հղումներ

Կառուցապատողը պնդում է` «Դերժավայի Արկադն» արգելում է իր առանձնատան կողքը բնակելի համալիր կառուցել


Արկադի Համբարձումյանի փաստաբան. Խախտվում է մարդու անձնական կյանքի իրավունքը

Բնակելի թաղամասի առաջին փուլի շինթույլտվության օրինական փաստաթուղթը ձեռքներին` կառուցապատողները չեն կարողանում շարունակել շինարարական աշխատանքները։ Արկադի Համբարձումյանը, որն ավելի հայտնի է որպես «Դերժավայի Արկադ», դեմ է, որ իր առանձնատան հարևանությամբ 16 հարկանի շենք կառուցվի։

Կառուցապատում իրականացնող «Լույսեր» փակ բաժնետիրական ընկերությունը երեկ հայտարարություն էր տարածել` նշելով, թե Արկադի Համբարձումյանը մի խումբ մարդկանց հետ գնացել է շինհրապարակ և փորձել արգելել աշխատանքներին՝ «հին ու բարի գողական» ձևերով՝ ըստ էության իրականացնելով ինքնիրավչություն: Ընկերության այս հայտարարությունում նշված է, որ ոստիկանությունն արագ արձագանքել է իրենց ահազանգին, սակայն իրավապահների հետ կապի է դուրս եկել նաև Համբարձումյանի փաստաբանն ու տեղեկացրել, որ մի քանի ժամվա ընթացքում կբերի դատարանի որոշում, որով կարգելվի իրենց գործունեությունը։

«Լույսեր» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Գրիգոր Չիչոյանն ասում է՝ նախկին պատգամավորի փաստաբանի բողոքի հիման վրա փաստորեն կասեցվելու է իրենց օրինական աշխատանքը, քանի որ ուղղակի բողոք կա, մտահոգված է` այդ ընթացքում իրենք ֆինանսապես տուժում են, շինտեխնիկա են վարձել և այլ ներդրումներ արել: Պնդումն էլ, թե բնակելի շենքից պատգամավորի տան բակն ու անձնական ողջ տարածքը երևում է, ասաց՝ քաղաքապետարանը դա խնդիր չի համարել, որովհետև անհրաժեշտ հեռավորությունը պահպանված է.- «Ներկայացվել է իրավաբանի կողմից քաղաքապետարան դիմած վարչական վարույթ, որը կկասեցնի մեր գործողությունները իրենց բողոքի հիման վրա: Բնականաբար, այդ հարցերը քննարկվել են քաղաքապետարանում, մենք նորմատիվ ամբողջական այդ հեռավորությունը շենքը հանդիպակաց շենքից, այդ ամբողջ փաթեթն օրենքի տառով, այսինքն` պահպանած է: Շինթույլտվության բոլոր կետերին համապատասխան մենք իրականացնում ենք մեր շինարարական աշխատանքները»:

Արկադի Համբարձումյանի հետ մեզ ողջ օրվա ընթացքում զրուցել չհաջողվեց, բայց նրա փաստաբանն ասաց` «Լույսեր» ՓԲԸ-ի երեկվա տարածած հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում. այդ ինքն է գնացել շինհրապարակ, ոչ թե ԱԺ նախկին պատգամավորը։ «Ազատության» հետ զրույցում փաստաբանը շարունակեց՝ Համբարձումյանի տան բակում լողավազան կա, կառուցվելիք բարձրահարկից կերևա նաև այդ տարածքը, պնդեց՝ մարդու անձնական կյանքի իրավունքն է խախտվում։

Ըստ փաստաբանի՝ Համբարձումյանը դեմ չէ, որ այդ տարածքում բարձրահարկ կառուցվի, բայց ուզում են, որ շենքի հարկայնության հարցը նաև իրենց հետ քննարկվի, կամ դեպի Համբարձումյանի տուն նայող շենքի հատվածը պատուհաններ չունենա։ Ասաց՝ նախորդ տարվա հուլիսին դիմել են քաղաքապետարան ու պատասխան ստացել, որ այդ տարածքում շինարարության թույլտվություն չկա տրված: Փաստաբանն ասում է՝ բա հետո ինչպե՞ս տրվեց:

Արկադի Համբարձումյանի փաստաբանը դժգոհ էր նաև քաղաքային իշխանություններից.- «Այսինքն` մինչ ամբողջ աշխարհը, Հայաստանը պայքարում են կորոնավիրուսի հետևանքների դեմ, հարգելի քաղաքապետ պարոն Հայկ Մարությանը, վարչարարություն իրականացնելով կամ չիրականացնելով, ապրիլի 3-ին տրամադրում է շինարարության թույլտվություն: Խնդրում եմ Ձեր ուշադրությունը դարձնել հարակից 12 հարկանի շենքին, որ այստեղից գտնվում է մոտ 100-150 կամ 200 մետր հեռավորության վրա: Պատկերացրեք` այստեղ լինելու է 18 հարկանի շենք: Ես կարող եմ իսկապես ունենալ ջրավազան, ազատ գոտի է, և պատկերացնո՞ւմ եք` 5-րդ հարկից բարձր բնակվող բնակիչները 4 շենքից առավոտից մինչև երեկո դիտարկելու են իմ մասնավոր կյանքը»:

Քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասում է, որ նախկին պատգամավորի փաստաբանը զուտ որպես էմոցիոնալ բնույթի շահարկում է շոշափում արտակարգ ռեժիմի փաստը, որովհետև ըստ խոսնակի` շինթույլտվություն տալը և չտալը դրա հետ կապ չունի, կարևորը` աշխատանքները սկսելու ժամկետն է։ Խոսնակն ասաց՝ քաղաքապետարանն այս պահին տվել է միայն հիմքերի շինարարության թույլտվություն, բայց ճարտարապետական նախագծով առաջարկվում է բազմահարկ շինարարություն, որը դեռ կքննարկվի։ Իսկ շինարարությունն, ի դեպ, սկսվել է պարետի թույլտվությունից հետո:

«Քաղաքապետարանը տվյալ հատվածում, այո, 2019 թվականի հունիսին շինարարական թույլտվություն տրված չի եղել, և պատասխանը եղել է այնպիսին, ինչպիսին պետք է լիներ. կառուցապատողները հայտ են ներկայացրել ավելի բարձր հարկայնության, բայց Համբարձումյանի տարածքին մերձակա հատվածում նվազ հարկայնություն է տրվել` հաշվի առնելով հենց այդ հանգամանքը»,- նշեց Հակոբ Կարապետյանը:

Այսօր, երբ շինհրապարակից հեռանում էինք, տարածք եկավ ոստիկանության աշխատակիցը, ասաց` եկել է, որ անախորժություններ չլինեն։

Ընկերությունը երեկվա նամակով դիմել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն ասաց.- «Շինարարական աշխատանքները չեն ընդհատվել, արհեստական խոչընդոտում փորձել է կազմակերպել նախկին Հանրապետական կուսակցության պատգամավորը, սակայն շինարարական կազմակերպությունն անդադար շարունակել է իր աշխատանքները: Իմ տեղեկություններով` հենց հիմա անգամ և՛ շինարարական կազմակերպության, և՛ նշված պատգամավորի փաստաբանը քննարկում են, և քննարկմանը ներկա է նաև ոստիկանության ներկայացուցիչ, որպեսզի ուղղակի մենք հասկանանք, թե այդ գործընթացը ինչպես է շարունակվելու: Եթե պարզվի, որ շինարարական աշխատանքների ժամանակ որևէ խախտումներ են տեղի ունենում, այդ ժամանակ համապատասխան որոշում կկայացվի, բայց եթե պարզվի, որ որևէ խախտում տեղի չի ունենում, ապա շինկազմակերպությունը շարունակելու է իր աշխատանքը»:

Ոստիկանությունից տեղեկացանք, որ Մալաթիայի բաժին են հրավիրվել երկու կողմերը՝ պարզաբանումներ ներկայացնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG