Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցության, որի ընթացքում քննարկվել են կրթության ոլորտին, մասնավորապես, ուսանողներին և բուհերին աջակցելուն միտված քայլերը։
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ արծարծվել են ուսանողի բարձր առաջադիմությամբ պայմանավորված՝ կիսամյակային վարձավճարների փոխհատուցման, ինչպես նաև ուսանողական վարկերի սուբսիդավորման մեխանիզմներին վերաբերող հարցեր:
Ընդգծելով այս աջակցության կարևորությունը՝ վարչապետը նշել է, որ բարձր առաջադիմություն ունեցող որևէ ուսանող վարձավճարի պատճառով բուհից դուրս չի մնալու, և կառավարությունը հնարավորինս օժանդակելու է ուսանողներին:
Հաջորդիվ ամփոփվել են կառավարության հաստատած 13 միջոցառումների ընթացիկ արդյունքները, անդրադարձ է եղել ծրագրերի կատարման շրջանակում առաջացող հարցերին և տրվող լուծումներին։ Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին շարունակել անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը՝ խնդիրներին արագ լուծում տալու, միջոցառումների սահուն ընթացքն ապահովելու և նախատեսված օժանդակությունը շահառուներին լիարժեք տրամադրելու համար։
Խորհրդակցությանը մտքեր են փոխանակվել նաև սոցիալական օժանդակության կարիք ունեցողների շրջանակի ընդլայնման հարցի շուրջ:
Վարչապետը կարևորել է սոցիալական խոցելի խմբերի լիարժեք բացահայտման ուղղությամբ շարունակական աշխատանքը և համապատասխան հանձնարարականներ տվել: