Արտակարգ դրության հաստատումից մեկ ամիս անց մայրաքաղաքի սուպերմարկետներում վստահեցնում են՝ գնային էական տատանումներ այս պահին չկան, թեև չեն հերքում, որ որոշ ապրանքատեսակների գները բարձրացել են։
«Փոփոխություններ կան, դեռ բարձրացել է, իջեցում դեռ չի նկատվում: Թանկացել է ալյուրը, շաքարավազը, ձեթը՝ մի 10-15 տոկոս», - ասաց սուպերմարկետներից մեկի աշխատակիցը:
12 օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով որոշ ապրանքների թանկացումների մասին, ասաց՝ դրանք անհանգստացնում են կառավարությանը ու անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում։
Տնտեսական մրցակցությանն պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն էլ «Ազատության» եթերում ներկայացրեց թանկացած ապրանքների ցանկը: Այդ ցանկում էին շաքարավազը, կարագը, ձեթը։ Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ընթացքում խոսվում է նաև ցիտրուսային մրգերի ու պտուղների գների տատանումների մասին։
Մայրաքաղաքի ծայրամասերից մեկում գտնվող սուպերմարկետներից մեկի միրգ-բանջարեղենի բաժնի աշխատակիցը պնդեց՝ գնային փոփոխություններ չկան:
Պաշտոնյաները որոշ ապրանքների գների բարձրացման պատճառներից մեկը տարադրամի տատանումներն էին համարում, քանի որ ներկրվող ապրանքների զգալի մասը դոլարով են գնում։ Ապրիլի սկզբին ամերիկյան դոլարը բանկերում ու տարադրամի փոխանակման կետերում ավելի քան 500 դրամով էր վաճառվում, իսկ այսօր այն կարելի է ձեռք բերել 485 դրամով։
Երկու օր առաջ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Փաշինյանը վստահեցրեց՝ սննդամթերքի շուկայում վիճակը հուսալի է:
«Գները որոշակի տատանումներից հետո, ըստ էության, վերադառնում են իրենց բնականոն նշաձողերին, բացի մի քանի ապրանքատեսակներից, մենք ապրանքային դեֆիցիտ չունենք և չենք ունենալու», - ասաց վարչապետը:
Սուպերմարկետներից մեկում առևտուր անողներից մի քանիսն «Ազատության» հետ զրույցում ասացին, որ այս պահին գների էական տատանումներ չեն նկատում:
Երևանի կենտրոնում գործող սուպերմարկետներից մեկի տնօրենը վստահեցրեց՝ բացի որոշ ապրանքատեսակներից գնային որևէ փոփոխություն չկա իրենց մոտ:
«Ալյուրի գին չի փոխվել, ձեթի գին չի փոխվել, Ա դասի ապրանքների մասով ընդհանրապես գնային փոփոխություն չի եղել», - ասաց տնօրենը:
Ինչ վերաբերում է արևադարձային մրգերի և պտուղների շուկային տնօրենն ասաց՝ ամենաշատ սպառվող պտուղը՝ բանանը չի թանկացել։
«Արևադարձային մրգերի վաճառքը տարվա այս ժամանակահատվածում խիստ նվազում է ու ավելի առաջնահերթ դառնում է տեղական մրգերի, հատկապես, հատապտուղների՝ ելակի վաճառքը: Չեմ կարծում, որ այդ հանգամանքը հաշվի առնելով ներմուծողները գին կբարձրացնեն կամ ներմուծումը կլինի մեծ ծավալների», - նշեց նա: