Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման տեմպը այս պահին 17 օր է. Արսեն Թորոսյան


Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կրկնապատկման տեմպը այս պահին 17 օր է: Այս մասին գրել է Հայաստանի առողջապահության նախարարության խոսնակ Արսեն Թորոսյանը:

Նախարարը նշել է՝ եթե այս տեմպը պահպանվի, ապա մայիսի 4-ին կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին՝ 5000 դեպք:

«Եվ մեր բոլորի խնդիրը մնում է նույնը` կոտրել տարածման տեմպը և հիվանդության տարածման օղակները: Դրա համար անհրաժեշտ է բացառել հիվանդության մարդուց մարդ փոխանցումը` ամենուր սոցիալական հեռավորություն պահելով, միմյանց հետ սերտ շփման վարքագծերը փոխելով դեպի հեռավար շփումը, ինչպես նաև ձեռքերը հաճախակի լվանալով և ախտահանելով ու հնարավորինս դեմքին չդիպչելով», - գրել է Արսեն Թորոսյանը:

Նախարարը նաև հատուկ նշել է, որ թեստավորման հզորությունների մեծացումը օրական 1000 թեստի շատ բարդ և բազմաբաղադրիչ գործընթաց է եղել և երբևէ Հայաստանում օրական այսքան մեծ թվով ՊՇՌ թեստեր չեն արվել:

«Այս բարդ գործընթացը իր մեջ ներառում է 5 հիմնական բաղադրիչ` մասնագետներ, սարքավորումներ, կենսաանվտանգություն, լոգիստիկա, էլեկտրոնային համակարգ, որոնցից յուրաքանչյուրի պատշաճ ապահովումը մեծ ջանքեր է պահանջել մեր մասնագետներից: Նման հզորությունները միշտ պետք են գալու մեր երկրին` հետագայում նմանօրինակ մարտահրավերներին դիմակայելու համար», - գրել է նա:

Հիշեցնենք՝ երեկ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռուստաուղերձի ժամանակ նշել է, որ Հայաստանում վարակի տարածումը շարունակում է մնալ կառավարելի:

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 47-ով՝ հասնելով 1248-ի, ապաքինվել է 121 քաղաքացի, ընդհանուր՝ 523, մահացել է ևս մեկ մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 20-ի:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 705 մարդ:

XS
SM
MD
LG