Միջազգային տիեզերակայանի անձնակազմը վերադարձել է Երկիր մոլորակ: Ամերիկացի աստղանավորդներ Էնդրյու Մորգանին, Ջեսիքա Մեյրին ու ռուսաստանցի տիեզերագնաց Օլեգ Սկրիպոչկային փոխադրող «Սոյուզ ՄՍ-15» մոդուլը վայրէջք է կատարել Ջեզկազգանում (Ղազախստան):
Նրանք 205 օր անցկացրել են միջազգային տիեզերակայանում, եռյակի աշխատանքը սկսվել է այն ժամանակ, երբ Երկիր մոլորակը դեռ չգիտեր կորոնավիրուսի մասին:
Տիեզերական թռիչքների կառավարման կենտրոնի աշխատակիցներն ասում են, թե եռյակը վերադարձել է միանգամայն նոր աշխարհ, որտեղ մարդկության մի զգալի մասն ապրում է կարանտինի պայմաններում:
Տիեզերակայանում մնացել են ռուսաստանցիներ Անատոլի Իվանիշինը, Իվան Վենգերը և ամերիկացի Քրիսթոֆեր Քեսսիդին:
«Սա շատ սյուրռեալիստական պատկեր է, երբ փորձում ես հասկանալ, թե ինչ է կատարվում Երկրի վրա, բայց մեր մոլորակը տիեզերքից միևնույն է անչափ գեղեցիկ երևում, մենք վարժվել ենք կարանտինի, բայց որ այն լինի նաև Երկրագնդի վրա՝ դա անպասելի էր»,- վերադարձից առաջ հեռուստակապով տված հարցազրույցում ասել է ամերիկուհի Մեյրը: