Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հետաձգում է Հաղթանակի օրվա միջոցառումները


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապով խորհրդակցություն է անցկացնում կառավարության անդամների հետ, Մոսկվա, 15 ապրիլի, 2020թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ Հայրենական մեծ պատերազմում նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի 75-ամյակին նվիրված մայիսի 9-ի տոնակատարությունը հետաձգվում է:

Որոշումն ընդունվել է երկրում կորոնավիրուսի համավարակի տարածման կապակցությամբ: Այդ մասին նախագահ Պուտինը երեկ հաղորդել է Անվտանգության խորհրդի նիստում:

«Մայիսի 9-ին միջոցառումներ անցկացնելու համար որոշումը պետք է արդեն այս օրերին ընդունել, սակայն հաշվի առնելով կորոնավիրուսի վտանգը և այն հանգամանքը, որ մենք պիկը դեռ չենք անցել, ես չեմ կարող արձակել զորահանդեսին և զանգվածային միջոցառումներին պատրաստվելու հրահանգ»,- ասել է Պուտինը:

Հաղթանակին նվիրված միջոցառումներ տեղի չեն ունենա նաև Դաշնության այլ շրջաններում:

Ռուսաստանում մինչև ապրիլի 30-ը գործում է մասնակի կարանտինի և ինքնամեկուսացման ռեժիմ:

Բնակիչների մեծ մասին կարգադրել են տանը մնալ: Աշխատում են պետական հիմնարկները, իրավապահները, բանկերը, կապի և տրանսպորտի ծառայությունները, ռազմաարդյունաբերական համալիրի հիմնարկները և պետության համար կենսական նշանակության այլ կառույցներ:

Պաշտոնական տվյալների համաձայն, Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի մոտ 28 հազար դեպք, մահացել է ավելի քան 230 մարդ:

Ընդդիմադիր գործիչների և անկախ փորձագետների կարծիքով, վարակակիրների և մահացածների իրական թիվն ավելի բարձր է:

XS
SM
MD
LG