Մատչելիության հղումներ

Սիսիանի ոստիկանապետի ԺՊ-ին առնչվող միջադեպերի առթիվ ՀՔԾ-ում 2 քրգործ է հարուցվել


Լուսանկարում Սիսիանի բնակիչ Գառնիկ Սիմոնյանն է, ով պնդում է, որ բռնության է ենթարկվել Սիսիանի ոստիկանության բաժնում

Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) 2 քրեական գործ է հարուցվել, որոնք առնչվում են Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի հետ կապվող միջադեպերին։ Ըստ ՀՔԾ-ի` առաջին քրեական գործը հարուցվել է պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու, ինչպես նաև խոշտանգման հոդվածներով։

Իրավապահներին էր դիմել Սիսիանի բնակիչ Գառնիկ Սիմոնյանը՝ հայտարարելով՝ ոստիկանապետն իրեն ապրիլի սկզբին խոշտանգել է։ «Ազատության» հետ զրույցում տարեց քաղաքացու փաստաբան Լուսինե Զեյնալյանը պատմեց՝ 64-ամյա սիսիանցուն բերման են ենթարկել ոստիկանություն և ստիպել բնակարանային գողությունն իր վրա վերցնել։ Եվ երբ չի կատարել Սիսիանի ոստիկանապետի պահանջը, ենթարկվել է բռնության:

«Ինքը պնդել է, որ ես չեմ կատարել, ճիշտ է` նախկինում գողությունների համար դատապարտված է, վերջինը 12 թվականին է դատապարտվել, մարված են նախկին դատվածությունները բոլորը: Ուղղակի քանի որ անուն հանած է գողությունների, այս պապիկին տարել են, բերման են ենթարկել, ամբողջ օրը պահել են ոստիկանությունում, խոշտանգվել է: Այդ ժամանակ ինքը դեմքի հատվածում ունեցել է վնասվածքներ. մինչև ոստիկանություն գնալն ինքն ընկած է եղել, ունեցել է վնասվածքներ, բայց տեղում այնտեղ ծեծի է ենթարկվել, խոշտանգվել է, ականջներին, մարմնի այլ մասերում այլ վնասվածքներ կան, որոնք ամբողջությամբ հետազոտվել են, զննվել են դատաբժշկի կողմից, սպասում ենք եզրակացությանը դատաբժշկի»,- հայտարարեց փաստաբանը:

Բռնության մասին ահազանգած քաղաքացին դեռևս տուժող չի ճանաչվել։ Փաստաբանն ասաց՝ ոստիկանապետի պաշտոնակատարն անգամ սպառնացել է տարեց սիսիանցուն։ Մինչդեռ Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատարի փաստաբան Վահան Հովհաննիսյանը պնդում է՝ Մուրադյանը իրեն վերագրվող արարքների հետ կապ չունի։ Ասաց՝ այս ամենը կապում են նրա աշխատանքային գործունեության հետ։

«Իր սկզբունքայնության հետ, իր կողմից` կատարված հանցագործությունների բացահայտման հետ և իր այդ վարքագծի առումով որոշակի անձանց դուրեկան և անհաճո լինելու հետ: Այս պահին դեռևս չեմ ցանկանում անուններ տալ»,- նկատեց փաստաբան Հովհաննիսյանը:

Վերջինս պնդում է՝ իրենք անհերքելի ապացույցներ ունեն տարեց սիսիանցու վնասվածքների ծագման մասին.- «Ես Ձեզ հավատացնում եմ, որ մենք ունենք անհերքելի ապացույցներ, որ պապիկն ինքը պատմում է, թե ինքը ինչ հանգամանքներում, որտեղ, երբ և ինչպես է ստացել այդ բոլոր մարմնական վնասվածքները»:

Մինչդեռ բռնության մասին ահազանգած քաղաքացու փաստաբանը գործընկերոջը հորդորում է այս քրեական գործը քաղաքական դաշտ չտանել.- «Վահան Հովհաննիսյանի նպատակը և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի միտումները տանում են դեպի քաղաքական դաշտ, որպեսզի աղմուկ բարձրացնեն, մեզ էլ դարձնեն հակահեղափոխական, կամ իրենք են հակա, չգիտեմ` ինչ են ուզում կատարել»:

Երկրորդ քրեական գործը, որտեղ շոշափվում է Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատարի անունը, Սիսիանի ավագանու անդամ Մարտին Հարությունյանի հետ միջադեպին է վերաբերում։ Քրեական գործը հարուցվել է պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով։ Փաստաբան Վահան Հովհաննիսյանը պատմեց՝ ոստիկանները փորձել են ստուգել ավագանու անդամի տեղաշարժման թերթիկը, վերջինս, սակայն, ընդդիմացել է.- «Ոչ միայն թերթիկ չեն ունեցել, այլև թերթիկ պահանջելուց հետո սեռական հայհոյանքներ է տվել այդ պահանջողի հասցեին, և ավագանու անդամը սպառնացել է, որ իջնելով կապտակի, որ որևէ ոստիկան իրենց նման պահանջ է ներկայացնում: Երբ միջամտել է այդ հենակետում գտնվող մեկ այլ ոստիկանության աշխատակից, հիշյալ անձինք ավտոմեքենայով հեռացել են: Հեռանալուց հետո ոստիկանը զեկուցել է վերադասության կարգով բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին, և նրա գլխավորությամբ մի քանի ոստիկաններ գնացել են` այդ անձանց բերման ենթարկելու: Բերման ենթարկելու ընթացքում նրանց նկատմամբ սեռական հայհոյանքներ են տվել, խոչընդոտել են, որպեսզի այդ անձանց բերման ենթարկեն: Այնուհանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության բաժին»:

Հետո, ըստ փաստաբան Վահան Հովհաննիսյանի, ավագանու անդամին ու ընկերոջը բերման են ենթարկել ոստիկանություն։ Բերման ենթարկվածները հայհոյել են ոստիկանապետին և ոստիկաններին։ Դրանից հետո ոստիկանություն է եկել Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, տեղի ունեցածի վերաբերյալ ոստիկանապետի պաշտոնակատարի հետ տհաճ զրույց են ունեցել, ինչի բովանդակությունը փաստաբանը պատրաստվում է փոխանցել իրավապահներին։ Պատմեց, որ դեպքից հետո էլ տարբեր քաղաքացիներ հավաքվել են ոստիկանության շենքի առջև, բռնություն կիրառել ոստիկանների նկատմամբ։

Մինչդեռ ավագանու անդամ Մարտին Հարությունյանի ներկայացուցիչ Ներսես Խաչատրյանը հերքում է, թե այս պատմությունը նման զարգացում է ունեցել` միջադեպը տեղի է ունեցել ոչ թե տեղաշարժման թերթիկի, այլ ոստիկանների վատ պահվածքի, փողոցային բառապաշարի պատճառով.- «Մեքենայից ոստիկանության պետն իջնում է ու սեռական բնույթի հայհոյանքներ ու Մարտինին հարվածներ: Այդ ժամանակ հայրն է բան անում, որ տղաս վիրահատված է, մի խփի, հոր դոշերից է այդպես հավաքում, հետ բրդում, հետո նորից Մարտինին է ծեծում էլի»:

Ասաց՝ ունեն հավաստի ապացույցներ, վկաներ՝ ոստիկանապետի պաշտոնակատարը ծեծի է ենթարկել ավագանու անդամին և նրա հորը.- «Բռունցքով հարվածել է, այդ ամեն ինչը կա, Մարտինին և Մարտինի հորեղբոր տղուն»:

Ներսես Խաչատրյանը ևս Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատարին հորդորում է այս գործը քաղաքական դաշտ չտանել։

XS
SM
MD
LG