Առաջին խումբը` շուրջ մեկ տասնյակ երեխաներ, առանց ուղեկցողների այսօր Աթենքից օդանավով մեկնեցին Լյուքսեմբուրգ: Երեխաները վաղ առավոտյան Աթենք էին տեղափոխվել Լեսբոս, Խիոս և Սամոս կղզիների փախստականների ճամբարներից:
Նախատեսվում է, որ Հունաստանից մոտավորապես 1600 փախստական երեխաներ տեղաբաշխվելու են եվրոպական երկրներում: Առաջիկա շաբաթ օրը հինգ տասնյակ անչափահասներ տեղափոխվելու են Գերմանիա, ավելի ուշ ևս 20-ը՝ Շվեյցարիա: Եվրոպական մի շարք երկրներ պատրաստակամություն են հայտնել ապաստանել միգրանտների միայնակ երեխաներին:
Սիրիայի, Աֆղանստանի, Իրաքի, աֆրիկյան երկրների միգրանտների ավելի քան 5 հազար երեխաներ գտնվում են Հունաստանի տարածքում: Նրանց մեծ մասը ծանր պայմաններում ապրում է Էգեյան ծովի կղզիների փախստականների ճամբարներում: Իսկ ընդհանուր առմամբ Էգեյան ծովի 5 կղզիների ճամբարներում ավելի քան 36 հազար փախստական կա:
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Հունաստանի իշխանություներին կոչ էր արել ազատել առանց ուղեկցողների անչափահասներին` նշելով, որ գերծանրաբեռնված ճամբարներում կամ ոստիկանական խցերում նրանց գտնվելը մեծացնում է COVID-19 վիրուսով վարակվելու ռիսկերը: