Մատչելիության հղումներ

Covid-19. Թուրքիայում սկսել են ազատ արձակել տասնյակ հազարավոր բանտարկյալների


Բանտ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, արխիվ
Բանտ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, արխիվ

Թուրքիայում սկսել են ազատ արձակել տասնյակ հազարավոր բանտարկյալների բանտերում գերբեռնվածությունը թեթևացնելու և կալանավորների շրջանում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Նախօրեին համապատասխան օրինագիծը ընդունվեց թուրքական Մեջլիսում՝ ստանալով իշխող կոալիցիայի՝ «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների աջակցությունը:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ, փակ ռեժիմի բանտերից նախատեսվում է ազատել 15 հազար բանտարկյալի, բաց ռեժիմի բանտերից՝ 30 հազար:

Բաց ռեժիմի բանտերում գտնվող ևս 45 հազար կալանավոր թույլտվություն կստանա ժամանակավորապես լքել կալանավայրը: Վերջինները կլինեն դատական վերահսկողության ներքո մինչև մայիսի վերջ, և Արդարադատության նախարարությունը կկարողանա սահմանված ժամկետը երկարաձգել երեք անգամ՝ առավելագույնը երկու ամսով։

Նոր օրենքը չի վերաբերում ահաբեկչության համար դատապարտվածներին։ Ուշագրավ է, որ քաղբանտարկյալներն ու ազատազրկված լրագրողները ևս չեն կարող օգտվել օրենսդրական կարգավորումից և ազատ չեն արձակվի:

Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը հայտարարել է, որ բանտարկյալների շրջանում կորոնավիրուսի 17 հաստատված դեպք է եղել, այդ թվում՝ 3 մահվան դեպք, դրական են ախտորոշվել բանտերի 79 աշխատակից:

Թուրքիայի առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն, երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը անցել է 65 հազարը, 1403 հոգի մահացել է, 4799 մարդ՝ ապաքինվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG