Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանն ընտրվել է Արցախի նախագահ, ստացել է 88 տոկոս քվե. ԿԸՀ


Ապրիլի 14-ին Արցախում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար, Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ ստանալով վավեր քվեների 88 տոկոսը կամ 39 860 ձայն, ինչը 3 հազար 784 ձայնով ավելին է մարտի 31-ին առաջին փուլում նրա ստացած քվեներից։ Արտգործնախարար Մասիս Մայիլյանի օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած մարդկանց 12 տոկոսը կամ 5 հազար 728 հոգի։ Այս մասին չորեքշաբթի օրը Ստեփանակերտում ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։

Նրա խոսքով՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 45 տոկոսը կամ 47 հազար 165 մարդ։ Արցախում ընտրողների ընդհանուր թիվը 104 հազար 777 է։

Նշենք, որ Արցախի օրենսդրության համաձայն՝ թեկնածուների ստացած տոկոսները հաշվարկվում են վավեր ձայներից:

Այսօր նախատեսված է նաև դիտորդների ասուլիսը:

Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլն անցկացվեց արտակարգ իրավիճակի պայմաններում՝ կապված կորոնավիրուսի վարակի վտանգի հետ, ինչն էլ ընտրողների հարաբերական պասիվության գլխավոր պատճառներից մեկն էր: Բոլոր ընտրատեղամասերը, որտեղ «Ազատության» թղթակիցն այցելեց, կային ձեռնոցներ, պաշտպանիչ դիմակներ, և աշխատում էին մարդկանց մեկ-մեկ թողնել տեղամաս:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը դեռ երեկ երեկոյան շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

XS
SM
MD
LG