Մատչելիության հղումներ

Ախթալայի պոչամբարի սահմաններին տրակտոր ու շինարարներ են հայտնվել, բնակիչներն անհանգիստ են


Ախթալայի մոտ 500 աշխատատեղ ունեցող լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի Նահատակ կոչվող պոչամբարի հարևանությամբ ապրող բնակիչները պնդում են, որ այլևս թույլ չեն տալու լցնել պոչամբարն ու մեծացնել դրա ծավալները։

Երեկվանից պոչամբարի սահմաններին տրակտոր ու շինարարներ են հայտնվել։ Բնակիչները վստահ են, որ ընկերությունը բարձրացնում է 32 հա տարածք զբաղեցնող պոչամբարի պատվարը՝ նոր պոչանքներ լցնելու հնարավորություն ունենալու համար։

Բնակիչներն ասացին, որ կոմբինատի ղեկավարությունը, ինչպես նաև համայնքապետը իրենց խոստացել էին, որ չեն բարձրացնելու պատվարը։

«Արդեն էնքան ենք ասել, հոգնել ենք», - «Ազատությանն» ասաց բնակիչներից մեկը։ - «Հինգ տարի ա, մեզ խաբում են»։

Տարածքում շինարարական աշխատանքներին հետևում էր նաև կոմբինատի արտադրատեխնիկական բաժնի պետ Սամվել Հանիսյանը։ Բնակիչների բողոքներին միջամտեց՝ հակադարձելով, որ բարձրացնում են ջրահեռացման խողովակաշարը պոչամբարը հողով ծածկելու աշխատանքներն սկսելու համար։

«Խախտում չենք անում», - պնդեց Հանիսյանը։

Խոսքը վեճի վերածվեց։ Պոչամբարի հարակից՝ Ախթալային միացած Մեծ Այրում գյուղի բնակիչ, ավագանու անդամ Գրիշա Գրիգորյանը պնդում էր, որ ապօրինի շինարարությամբ նոր խնդիրներ են առաջացնելու բնակիչների համար։ Կոմբինատի բաժնի պետը, մինչդեռ, ասում էր, որ բնակիչները սխալ տեղեկություններ ունեն։

Շրջակա միջավայրի նախարարությունից «Ազատությանն» ասացին, որ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը պոչամբարի ռեկուլտիվացման՝ այսինքն, հողածածկման աշխատանքները պետք է սկսեր դեռ 2018 թվականի հոկտեմբերին և այս տարվա մարտի 30-ին ավարտած լիներ։

Այսինքն՝ այս պոչամբարն արդեն իսկ չպետք է շահագործվեր։ Մինչդեռ որևէ աշխատանք այս ուղղությամբ մինչ օրս չի իրականացվել։

Ընկերության ներկայացուցիչն «Ազատությանն» ասաց, թե առաջիկա օրերին են սկսելու ռեկուլտիվացիան և վերջացնեն երկու տարվա ընթացքում։

Թեև նախարարությունից ասացին նաև, որ նոր ժամկետներով ռեկուլտիվանցիա սկսելու համար ընկերությունը պարտավոր է նոր նախագիծ ներկայացնել փորձաքննության։

Սամվել Հանիսյանը չժխտեց նաև, որ ստիպված են որոշ չափով բարձրացնել պոչամբարի պատվարը, բայց, ըստ նրա, դա ևս արվում է ռեկուլտիվացիան սկսելու նպատակով։

Ընկերության ղեկավար անդամի պնդումները չփարատեցին բնակիչների մտահոգությունները։ Երեկ նրանք հարկադրել են շինարարական տեխնիկան հեռացնել պոչամբարի աշտարակի մոտից։ Բնակիչների պնդմամբ, դա բարձրացնելու դեպքում ընկերությունն ավելի մեծ ծավալով պոչանքներ կտեղավորի առանց այն էլ լցված պոչամբարում։

Մեկուկես ամիս առաջ Ախթալայի բնակիչները հանրային պահանջի արշավ էին սկսել՝ ընկերությունից պահանջելով փոխհատուցել պոչամբարի հարևանությամբ ապրող բնակիչներին տարիներ շարունակ կոմբինատի պատճառած վնասների դիմաց:

Ընկերության արտաքին կապերի բաժնի պետ Գագիկ Շահնազարյանն «Ազատությանն» ասել էր, որ ավելի քան կես տարի պոչամբարը չի շահագործվում, թունավոր պոչանքները չորացման եղանակով են հեռացվում։

Մինչդեռ մեծայրումեցի Վանիկ Միրզոյանն ասում է՝ աչքի առաջ պոչամբարն օրեցօր լցվում է․ - «Հիսուն սանտիմետր բարձրացել ա։ Տասը օրվա մեջ էդքանը լցվել ա»։

Ի դեպ, Ընդերքի և բնապահպանության տեսչությունից «Ազատությանն» ասացին, որ 2019 թվականին Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը երկու անգամ 200 հազարական դրամով տուգանվել է բնապահպանական նորմերը խախտելու և արտադրական թունավոր թափոնները Դեբեդ գետը լցնելու համար։

Այս պահին լեռնահարստացուցիչ կոմբինատը կարճատև դադարի մեջ է։ Մի քանի օր առաջ աշխատանքը դադարեցրել են՝ պոչամբարի հետ կապված աշխատանքներն իրականացնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG