Մատչելիության հղումներ

Համավարակը Գետք գյուղի «խոպան» գնացողների ծրագրերը խառնել է. անորոշ վիճակում են


Անդրանիկ Թորոսյանը
Անդրանիկ Թորոսյանը

30 տարի շարունակ արտագնա աշխատանքի ճամփան բռնած Անդրանիկ Թորոսյանն այս տարի տանն է մնացել: Կորոնավիրուսի համաճարակն է ծրագրերը խառնել։ Գետքի բնակիչը կարծում է՝ այս տարի դժվար էլ կարողանա խոպան գնալ։

«Չգիտենք` ինչ կլինի, երբ էս արտակարգ դրությունը կվերանա, կարող է օգոստոսին վերանալ, կարող է սեպտեմբերին, դե էտ ժամանակ էլ գնալն անիմաստ է: Եթե էստեղ գործ ձեռնարկեցինք, հողագործությամբ զբաղվանք, ուրեմն չարժի գնալը»,- նշում է նա:

Շիրակի մարզի Գետք գյուղում տղամարդկանց մոտ կեսը ամեն տարի արտագնա աշխատանքի է մեկնում։ Հիմա շատերն են Անդրանիկ Թորոսյանի նման գյուղում մնացել, ով էլ գնացել է Ռուսաստան, անգործ է մնացել։ Թորոսյանն ասում է՝ կարող է հող մշակել, բայց ֆինանսական խնդիրներ ունի.- «Հողագործությամբ զբաղվելու համար էլ ֆինանս չունինք, որ հիմա սերմ առնինք, կարտոֆիլ ցանինք, ջրի հարցը լուրջ է, պետությունից սպասում ենք, որ օգնություն տան, չգիտենք` կլինի, չի լինի»:

Սարգիս Զաքարյանը 17 տարվա խոպանչի է: Չի դժգոհում` արտագնա աշխատանքով կարողացել են տունը պահել: Ինչպես գյուղի մյուս խոպանչիները, նա էլ է անորոշ վիճակում հայտնվել։ Ելքը գյուղում մնալն ու հող մշակելն է, բայց կրկին գումարն է խնդիր.- «Պետությունը գոնե վարկ տա, վարկավորումն անե, գոնե անասուն, հող մշակենք, էս տարի տեսնինք` ինչ կլինի: Մնանք տեղում»:

Վահրամ Հարությունյանը հույս ունի տեղում աշխատանք գտնել, երբ մեկնարկեն ճանապարհաշինական ծրագրերը.- «Որ էստեղ գործերը բացվի, տրակտորիստ եմ, կերթամ, նայեմ Լենինական, ճամփեքի վրա ճանապարհաշինություն պիտի եղնի, տեխնիկա բան, գործըմ պիտի գտնինք, թե չէ սպես պարապ բան դուրս չի գա»:

Գետքում աշնանացանը ցանել են, հիմա հողը պարարտացնելու ու ջրելու ժամանակն է: Կառավարությունը կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման համար գյուղատնտեսական անտոկոս վարկեր է տրամադրում, բայց Վահրամ Հարությունյանը դիմել չի կարող, սև ցուցակում է.- «96 թվից առաջին հարկառու եմ եղել, չեպեմ չեմ ունեցել, բայց մեգիմ վստահված անձ եմ եղել, չի փակվել, ես ընկել եմ սև ցուցակ, գոնե վարկավորեն, չեմ ըսի` ձրի փող բերեն, տանք, ապրինք, տոկոսով, սովորական վարկերը տրամադրեն, վերցնենք, աշխատող մարդիկ ենք, էնտեղ չաշխատինք, ստեղ գործըմ գտնինք, կաշխատինք, վարկերս կփակինք»:

Գետքում կին խոպանչի էլ կա: Տիկին Արեգնազը խոհարար է։ Դժգոհում է՝ որ իմանար վիրուսը ճանապարհներ է փակելու, շուտ կգնար, հիմա էլ անգործ չէր մնա.- «Էրթըմ ենք, աշունը գալըմ ենք, մեզի համար էլի ապրըմ ենք, մեր գոյությունը հեչ մեկից չենք ուզում, ձեռքներս չենք տնկում, ասենք` էսի տուր, մենք մեզի համար ապրըմ ենք, բայց էս տարի շատ վատ է վիճակը, ինչ պիտի եղնի, չիդեմ, հողը ցանել ենք, հմի չենք կրա, ի՞նչ պիտի եղնի, պարարտանյութ է պետք, սալյարկա է պետք, փող չկա, դե արի, ի՞նչղ ապրի էս ժողովուրդը, ինչ էնե՞, էս խոպանն էլ փակեցին, գոնե խոպանով էին ապրում, ժողովուրդը սավսեմ կործանվի գը»:

Գետքի համայնքապետ Հովիկ Մխիթարյանի կարծիքով՝ եթե ճգնաժամային այս իրավիճակը ձգձգվի, կխորանան նաև սոցիալական խնդիրները.- «Սոցիալական վիճակն ահագին կսրվի, որովհետև էսօր հողերի մոտ 80 տոկոսը պատրաստ է ցանելու, բայց մարդիկ սերմնացուի, պարարտանյութի համար գումար չունեն, ոչ բոլորն են կարողանում օգտվել պետության կողմից տրվող անտոկոս վարկերից, որովհետև համայնքի մեծ մասը տարբեր տարիների ընթացքում վարկեր են վերցրել, երաշխավորներ են եղել և ընկել են սև ցուցակ, էսօր նրանց համար այդ վարկային գիծը փակ է»:

Համայնքապետն ահազանգում է՝ եթե իշխանությունները ցանկանում են, որ ոչ մի թիզ հող անմշակ չմնա, ապա օր առաջ պետք է գյուղացուն սերմացու տրամադրեն, այլապես շատերը կհրաժարվեն գարնանացանից.- «Նախորդ տարիներին ուրեմն մենք անմշակ հող չենք ունեցել, բայց էս տարի հաստատ ունենալու ենք, որովհետև այսօրվա վիճակով ազգաբնակչությունը սերմացուցի խնդիր ունի, ի վիճակի չէ ցանելու, և այս վարկային ծրագրերն էլ արդեն ինչճոր ժամկետանց են, և եթե այսօր մարդը փողը վերցնի, ուզենա հողագործությամբ զբաղվել, մինչև էտ գործողությունն ավարտի, չի կարող: Հիմա գյուղատնտեսությանն էսօր պետք է վառելիք` էժան, մատչելի գներով, պետք է սերմացու»:

XS
SM
MD
LG