Մատչելիության հղումներ

Եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Իտալիան և Իսպանիան, մեղմացնում են կարանտինը


Իսպանիա - Ոստիկանները Մադրիդի մետրոյի կայարաններից մեկի մուտքի մոտ պաշտպանիչ դիմակներ են բաժանում, 13-ը ապրիլի, 2020թ.

Եվրոպայում մի խումբ երկրներ, այդ թվում` համաճարակից ամենաշատը տուժած Իտալիան և Իսպանիան, այսօրվանից սկսում են մեղմացնել կարանտինային նորմերը:

Իտալիայում հինգշաբաթյա դադարից հետո՝ այսօրվանից, կգործեն նաև գրախանութներն ու մանկական հագուստի կենտրոնները, կարող են աշխատել նաև համակարգչային ծառայությունները: Վիրուսի պատճառով երկրում ավելի քան 20 հազար մարդ է մահացել, ինչն ամենաբարձր ցուցանիշն է Եվրոպայում, նոր վարակի դեպքերը, սակայն, վերջին օրերին սկսել են նվազել:

Իսպանիայում կառավարությունը խանութներից բացի նաև մի շարք արտադրամասերի աշխատանքն է արտոնել: Կատալոնիայի տեղական իշխանությունները, սակայն, քննադատել են որոշումը և հորդորել քաղաքացիներին պահպանել զգուշավորության նորմերը. Բարսելոնայում այսօր առավոտից հասարակական վայրերում անվճար դիմակներ են բաժանվում, վերաբացված գործարանների աշխատակիցները ներս են մտնում միայն ջերմաչափումից հետո:

Ավստրիայում ևս այսօրվանից հազարավոր խանութներ կբացվեն, Գերմանիան քննարկում է կարանտինի մեղմացման հարցը:

Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում, մինչդեռ, իրավիճակը մնում է անփոփոխ: Փորձագետները պնդում են, թե այս երկրներում վարակի տարածման ամենավատ շրջանը դեռ չի անցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG