Մատչելիության հղումներ

200 եվրո` Պուտինին գովաբանելու դիմաց


Ռուսաստան - Զինծառայողները Իտալիա ուղարկվող օգնությունը բեռնում են օդանավ, Մոսկվայի մարզ, 22-ը մարտի, 2020թ.
Ռուսաստան - Զինծառայողները Իտալիա ուղարկվող օգնությունը բեռնում են օդանավ, Մոսկվայի մարզ, 22-ը մարտի, 2020թ.

Ուզում եք գումար աշխատել, բայց չգիտեք՝ ինչպե՞ս. խնդիր չէ, Իտալիայում ապրող ռուսները գիտեն, պնդում է տեղի La Repubblica օրաթերթը, մանրամասնելով` վերջիններս համաճարակի այս օրերին ակտիվ արշավ են սկսել WhatsApp սոցիալական ցանցում և առաջարկում են իրենց ծանոթ իտալացիներին հրապարակային շնորհակալություն հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` Իտալիա ուղարկած մարդասիրական օգնության համար: Ընդ որում, ոչ թե հենց այնպես, այլ՝ կոնկրետ պարգևավճարի դիմաց: Լրագրողական հետաքննությունը, մասնավորապես, պնդում է` Վլադիմիր Վլադիմիրովիչի հասցեին հնչեցրած ջերմ խոսքերի ու երախտիքի դիմաց ռուսներն առաջարկում են մինչև 200 եվրո գումար:

Թերթի տրամադրության տակ է հայտնվել այդ հաղորդագրություններից մեկը, որում Իտալիայում ապրող մի ռուս ծանոթին գրել է. - «Պետք է, որ մի 15 իտալացի ինչ-որ լավ բան ասի Ռուսաստանի ուղարկած մարդասիրական օգնության մասին: Նախընտրելի է, որ տեսանյութ լինի կամ սոցիալական ցանցում գրառում` լուսանկարներով, բայց, հաշվի առեք` վիդեոյի համար վճարում են 200 եվրո, գրառման համար` ավելի քիչ»:

Ըստ հետաքննության, գումարը վճարվում է միայն այն ժամանակ, երբ նկարահանումը կամ գրառումը տարածվում են սոցիալական ցանցերում` Ֆեյսբուքում, Ինստագրամում կամ Թվիթերում:

Նախաձեռնության հեղինակները հավաստիացնում են, թե սա զուտ լրագրողական ծրագիր է և իրականացվում է ռուսական լրատվամիջոցների կողմից: «Մի շարք հարցեր, սակայն, մնում են անպատասխան», - փաստում է իտալական օրաթերթը՝ թվարկելով. - «Այդ դեպքում ինչո՞ւ են հավաքագրում միայն երախտագիտության խոսքեր հնչեցնողներին, ինչո՞ւ են դրա դիմաց գումար վճարում, եթե մարդիկ իսկապես իրենց կարծիքն են արտահայտում, և կամ ինչո՞ւ են լրատվամիջոցներն այդ տեսանյութերը սեփական ծրագրերում օգտագործելու փոխարեն տարածում սոցիալական ցանցերում»:

Իտալացի լրագրողներին, ի դեպ, հաջողվել է հանդիպել նաև մի աղջկա, ով համաձայնել է գործարքին ու տեսանյութ նկարահանել TikTok-ի համար, որը տարածված հարթակ է հատկապես պատանիների շրջանում: «Կադրում նա շնորհակալություն է հայտնում Պուտինին ու պնդում, որ չի հավատում Ռուսաստանի հասցեին վատ-վատ խոսքերին, կադրից դուրս խոստովանում` ընկերն էր խնդրել նկարահանվել, իրեն 20 եվրո էր տվել, թե որքան էր նա ստացել` չգիտի», - գրում է La Repubblica-ն:

Ավելի վաղ տեղի լրատվամիջոցները, հղում անելով Իտալիայի հետախուզական ծառայություններին, գրել էին` մարտի վերջից ի վեր, երբ Ռուսաստանը մարդասիրական օգնություն, զինվորականներ ու բժիշկներ ուղարկեց կորոնավիրուսի համաճարակից տուժած երկիր, Թվիթերում հատուկ հեշթեգ է ստեղծվել` #grazieputin, #grazieRussia: Ընդ որում, ուշագրավ է, որ բոլոր այդ գառումներում կարմիր թելով միևնույն միտքն է անցնում. - «Պուտինը մեզ փրկեց, եվրոպացիները` դավաճանեցին»: Տարածված տեսանյութերից մեկում մի տղամարդ անգամ խնամքով ծալել էր Եվրամիության դրոշն ու փոխարենը ռուսականը պարզել: Րոպեներ անց տեսանյութը հայտնվել էր ռուսական պետական հեռուստաալիքի, ապա` մյուս հեռուստատեսությունների եթերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG