Մատչելիության հղումներ

«Հայաստան» հիմնադրամը 208 հազար դոլար է հանգանակել առողջապահության ոլորտին օժանդակելու նպատակով


«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյան, արխիվ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյան, արխիվ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը, միանալով COVID-19 համաճարակի դեմ պայքարին, մարտի 18-ից նախաձեռնել է առցանց դրամահավաք-արշավ, որի շրջանակում հավաքագրված ամբողջ գումարն ուղղված է առողջապահության ոլորտին անհրաժեշտ բարձրորակ բժշկական պարագաների ու սարքերի ձեռքբերմանը և տրամադրմանը, ինչպես նաև հրատապ անհրաժեշտություն ունեցող այլ կարիքներին։

Ապրիլի 13-ի դրությամբ, հիմնադրամի հաղորդագրության համաձայն, առցանց դրամահավաք-արշավի հաշվեհամարին արդեն հավաքագրվել է 208 հազար 620,43 դոլար՝ նախատեսված 200 հազար դոլար գումարի 104.31 տոկոսը: «Մեր հայրենակիցների համախմբման և ակտիվ մասնակցության արդյունքում հիմնադրամի հայտարարած գումարի շեմն արդեն իսկ հատված է, ուստի այժմ նոր նշաձող է սահմանվում՝ այն է 250 հազար ԱՄՆ դոլար», - նշված է հաղորդագրությունում:

«Հիմնադրամի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել առցանց գրանցված ավելի քան 200 անհատ նվիրատուներին՝ վստահության և շարունակական աջակցության համար: Մեր այս նախաձեռնությանն են միացել աշխարհի հայ համայնքները, կազմակերպություններն ու անհատները Միացյալ Նահագներից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից, Բրազիլիայից, Գերմանիայից, Իտալիայից, Նիդերլանդներից, Իռլանդիայից, Ռուսաստանից, Արգենտինայից, Ավստրիայից և Հունաստանից՝ սատարելով այս հայրենանվեր ծրագրին: Շնորհակալություն ենք հայտնում նաև Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևելյան ափի Կիլիկիո թեմի Ազգային առաջնորդարանին և Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ խոշոր դրամական նվիրատվությունների համար»,– նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

Հանգանակված գումարից 130 հազար դոլարն արդեն իսկ ծախսվել է բարձրորակ բժշկական պարագաներ և սարքավորումներ ձեռք բերելու համար: Բացի այդ, Ռուսաստանում գտնվող 60 հայրենակից հնարավորություն է ստացել հատուկ չվերթով անվճար վերադառնալ հայրենիք: Մնացյալ միջոցների տնօրինման համար ներկայումս իրականացվում է կարիքների գնահատում:

Բացի դրամահավաք-արշավից, «Հայաստան» հիմնադրամի տեղական մարմինների, տարբեր երկրներում հայկական բարեգործական կազմակերպությունների կողմից այլ օժանդակություն ևս տրամադրվում է Հայաստանում և Արցախում կորոնավիրուսի դեմ պայքարին: Մասնավորապես՝ շուտով Հայաստան կհասնի 60 հեռահար ջերմաչափ և 20 թթվածնի խտացուցիչ սարք, 8 արհեստական շնչառական համակարգ, մեկ ամիս առաջ արդեն իսկ տրամադրվել են մեծաքանակ կանխարգելիչ, պաշտպանիչ, ինչպես նաև ախտահանիչ բժշկական պարագաներ, հատուկ պաշտպանիչ հանդերձանք և սարքավորումներ։

Դրամահավաք–արշավի վերաբերյալ ամփոփիչ հաշվետվությունը կներկայացվի ծրագրի ավարտին:

XS
SM
MD
LG