Մատչելիության հղումներ

Ֆրանսահայերը սնունդ, սեփական արտադրության դիմակներ են նվիրում բժշկական կենտրոններին


Ֆրանսիայում ավելանում է կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը, պաշտոնական տվյալներով այն հասել է 13 հազար 832-ի: Վարակակիրների ընդհանուր թիվը 129 հազար 654 է:

Սուրբ Հարության տոնը երկրի ինչպես ֆրանսիական, այնպես էլ հայկական եկեղեցիները նշում են առանց հավատացյալների ներկայության: Այս շրջանում կառավարությունն արգելել է բնակչությանն արձակուրդի մեկնել: Ավելի քան 150 հազար ոստիկաններ ու ժանդարմներ ոտքի են հանվել կայարաններն ու երթուղիները հսկելու համար:

Վաղը երեկոյան հեռուստատեսությամբ հանդես կգա հանրապետության նախագահ Էմանյուել Մակրոնը: Դա կլինի կորոնավիրուսի ճգնաժամի վերաբերյալ նրա 4-րդ ելույթը, որի ընթացքում հավանաբար նախագահը կրկին հորդորի մնալ տանը, միաժամանակ տեղեկություններ կհաղորդի մարտի17-ին սկսված մեկուսացումից ու արտակարգ դրությունից դուրս գալու մասին, ինչը կարող է լինել աստիճանաբար: Սպասվում է, որ Մակրոնը կանդրադառնա երկրի ընդհանուր իրավիճակին, համավարակի տարածման դեմ կատարվող գիտահետազոտական աշխատանքներին և պաշտպանիչ միջոցներին:

Վերջին օրերին նա այցելել է մի շարք հիվանդանոցներ` Ֆրանսիայից մինչև Մարսել` անձամբ ծանոթանալու իրավիճակին, հանդիպել բուժանձնակազմի հետ: Մակրոնի ելույթը կսկսվի ժամը 20:00-ին` այն ժամին, երբ մեկուսացված բնակիչներն իրենց պատուհանների առջև կանգնած ծափահարում են հիվանդանոցների անձնակազմներին: Երախտագիտության` 4 շաբաթից ի վեր շարունակվող այս գործողությանը միացել է Էյֆելյան աշխատարակը` այդ ժամին փայլփլելով նախկինից երկու անգամ ավելի երկար ժամանակով:

Համավարակի օրերին հիվանդանոցներում դժվարին աշխատանք կատարողների հանդեպ երախտագիտության մեծ շարժմանը մասնակից են նաև ֆրանսահայերը: Մարսել, Վալանս, Թուլուզ քաղաքներում ձեռնարկատերեր կամ անհատներ հիվանդանոցներին հայկական խմորեղեն, հաց, խմիչք են նվիրում, նույնիսկ սեփական արտադրության դիմակներ, որոնց պակասը շարունակվում է զգալի լինել:

«Նոր սերունդ» կազմակերպությունը, ինչպես տեղեկացնում է «Արմենիուս» կայքը, փարիզյան հիվանդանոցներից մեկին նվիրաբերել է իր գրասենյակների վերանորոգման համար նախատեսված դիմակները, իսկ մշակութային տներից մեկը օգնել է դիմակների պատրաստման նախաձեռնությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG