Մատչելիության հղումներ

Փհենյանը առաջին անգամ հրապարակային խոսում է հակահամաճարակային միջոցառումների մասին


Հյուսիսային Կորեա-Փհենյանի փողոցում քայլող մարդիկ դիմակներ են կրում, 26-ը փետրվարի, 2020թ.

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հավանություն են տվել բանաձևին, որը նախատեսում է ավելի կոշտ «ազգային միջոցառումներ հյուսիսկորեական բնակչության կյանքի և անվտանգության համար» կորոնավիրուսի տարածման պայմաններում, այս մասին հայտնում են երկրի պետական աղբյուրները:

«Կորոնավիրուսի համաճարակը մարդկությանը սպառնացող աղետ է, որը չի ճանաչում սահմաններ և մայրցամաքներ»,- ասված է Կիմ Չեն Ունի գլխավորած Հյուսիսային Կորեայի Աշխատավորական կուսակցության քաղաքական բյուրոյի ընդունած փաստաթղթում:

«Մեր երկիրը առաջին իսկ օրերին խիստ արտակարգ հակահամաճարակային բարձր մակարդակի քայլեր է ձեռնարկել երկրով մեկ, ինչը թույլ է տվել կայունացնել իրավիճակը»,- հյուսիսկորեական աղբյուրների փոխանցմամբ` նշված է բանաձևի մեջ:

Սա Հյուսիսային Կորեայի առաջին պաշտոնական հաղորդագրությունն է կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ: Ավելի վաղ երկրի պետական աղբյուրները հերքում էին վարակի առկայությունը երկրում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` ապրիլի 2-ին Հյուսիսային Կորեայում թեստավորվել է 709 հոգի, այդ թվում` 11 օտարերկրացիներ: Տասն օր անց երկրի իշխանությունները կազմակերպությանը հավաստիացրել են, որ երկրում վարակի դեպքեր չեն հայտնաբերվել:

XS
SM
MD
LG