Մատչելիության հղումներ

Սոցիալական աջակցության շահառուների շրջանակը կընդլայնվի


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են ամենօրյա ռեժիմով քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ուղղությամբ անելիքների վերաբերյալ։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում զեկուցվել է տնտեսական և սոցիալական օժանդակության ծրագրերի ընթացքի մասին, ներկայացվել են որոշ միջոցառումների բարելավման առաջարկներ։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է 3-րդ միջոցառմանը և նշել, որ ներկայացվող հայտերի մի մասը չի բավարարվում, քանի որ դրանք չեն համապատասխանում հաստատված չափորոշիչներին՝ կան ոլորտային, նաև շրջանառության անհամապատասխանություն, հարկային պարտավորությունների ժամկետանց կատարում, հաճախակի տեխնիկական խնդիրներ:

Հաշվի առնելով նմանատիպ դիմումների թիվը՝ խորհրդակցությանը քննարկման առարկա է դարձնել միջոցառման որոշ չափորոշիչների փոփոխության հարցը:

Վարչապետը նշել է, որ քանի որ կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված՝ նախատեսվում է Հայաստանում երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, և կառավարությունը նպատակ ունի աջակցել բիզնեսի հնարավորինս լայն շրջանակի, պետք է անհրաժեշտության դեպքում ընդառաջել գործարար համայնքին, ընդլայնել աջակցության գործիքակազմը։

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչություններին՝ համատեղ աշխատել և ներկայացնել համապատասխան փոփոխությունների նախագիծ։

Հաջորդիվ ներկայացվել են սոցիալական օժանդակության շրջանակի ընդլայնման նպատակով մշակված միջոցառումների առաջարկները։ Քննարկումը ծավալվել է նոր թիրախային խմբերի ներգրավման, ռեսուրսների հասցեականության ապահովման, աջակցության նոր ուղղությունների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG