Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանը և Սերգեյ Կոպիրկինը ծանոթացել են շարժական լաբորատորիայի աշխատանքներին


Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ծանոթացել են Երևանում բացազատված կորոնավիրուսի վարակի հետազոտման շարժական լաբորատորիայի աշխատանքներին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքէջը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է շարժական լաբորատորիան սպասարկող անձնակազմի հետ, ծանոթացել առաջին նմուշառումների արդյունքներին, նախապես վարակազերծված լաբորատորիայում հետաքրքրվել դրա հնարավորություններով։

Շարժական լաբորատորիան ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել երկու պետությունների պաշտպանության նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում:

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցելու, ինչպես նաև հայ գործընկերներին այդ ոլորտում իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելու նպատակով Հայաստանում են նաև ՌԴ զինված ուժերի մասնագետները: ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության սպաները ռուս գործընկերների հետ արդեն իրականացնում են լաբորատոր հետազոտություններ, անցկացնում վերապատրաստման պարապմունքներ, քննարկումներ ընթացիկ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։

Համաձայն հաղորդագրության, Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան կարող է հետազոտություններ իրականացնել ցանկացած տեղանքում և եղանակային բարդ պայմաններում՝ ապահովելով իրականացվող ստուգումների 99 տոկոս ճշգրտություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG