Մատչելիության հղումներ

Հրաժարական է ներկայացրել նաև IUnetworks ընկերության ղեկավար կազմը


Հայաստանում գործող ծրագրավորման IUnetworks ընկերությունում, ինչպես երեկ «Յուքոմում», հրաժարական է ներկայացրել ղեկավար կազմը։ Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցել է ընկերության՝ ներկայանալ չցանկացող աշխատակիցը։ Այս ընկերության հիմնադիրն ու խոշոր բաժնետերերից է «Յուքոմի» հիմնադիր Եսայան եղբայրներից Ալեքսանդր Եսայանը։

Ըստ «Ազատության» աղբյուրի՝ այն բանից հետո, երբ Ալեքսանդր Եսայանը հայտնել է, որ այլևս չի զբաղվելու այս ընկերության հարցերով և աշխատակիցնեը կարող են դիմել մյուս բաժնետիրոջը՝ [ՊԵԿ նախկին նախագահ] Գագիկ Խաչատրյանին, IUnetworks-ի ղեկավարությունը ևս որոշել է հրաժարական տալ, նրանց թվում՝ գլխավոր գործադիր տնօրեն Վահրամ Մերանգուլյանը։

Ընկերության 40 տոկոսի սեփականատեր Ալեքսանդր Եսայանը «Ազատության» հարցման ի պատասխան հաստատել է այս տեղեկությունը, սակայն այլ մանրամասներ չի հայտնել։

Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները երեկ էլ հեռացել էին իրենց հիմնադրած մյուս՝ կապի խոշորագույն օպերատոր «Յուքոմ» ընկերությունից, որտեղ մոտ 6 տոկոսի բաժնեմաս ունեն։ Եսայան եղբայրների հետ աշխատանքից որոշել են հեռանալ 1800 աշխատակից ունեցող ընկերության հարյուրավոր աշխատակիցներ։ Ընկերության կառավարման խորհրդում խնդիրներ են առաջացել «Յուքոմ»-«Բիլայն» հնարավոր միավորման գործընթացի պատճառով։

Ըստ պետռեգիստրի՝ IUnetworks ընկերության մյուս 60 տոկոսի սեփականատերը 2016 թվականից Արամ Անտոնյանն է։ 2008-2016 թվականներին այդ 60 տոկոսը, համաձայն պետռեգիստրի տվյալների, պատկանել է Հայկ Խաչատրյանին, որը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդին է։

«Ազատության» աղբյուրի պնդմամբ՝ իրականում ընկերության 60 տոկոս բաժնեմասի հետևում այժմ էլ է կանգնած նախկին ազդեցիկ պաշտոնյա, այժմ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերի յուրացման մեղադրանքներով կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանի ընտանիքը։ «Ազատությունը» չի կարող հաստատել այս տեղեկության իսկությունը։ Խաչատրյանի որդիները բաժնեմասեր ունեն նաև «Յուքոմում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG