Մատչելիության հղումներ

Առանձնապես խոշոր չափերի առերևույթ հափշտակություն՝ dasaran.am-ի դրամաշնորհային ծրագրի գործընթացում. Դատախազություն


Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Կրթության և գիտության նախարարության ու N հասարակական կազմակերպության միջև 2017թ. փետրվարի 14-ին և 2018թ. փետրվարի 2-ին կնքված դրամաշնորհային պայմանագրերի հիման վրա «Աջակցություն «Դասարան» ուսումնատեղեկատվական ծրագրի» (dasaran.am) միջոցառման իրականացման նպատակով, որպես դրամաշնորհ, կազմակերպությանը հատկացվել է 180 մլն դրամ։ Վերջինս ստանձնել է ֆինանսական միջոցները պայմանագրերով սահմանված նպատակներով ու չափաքանակներով օգտագործելու պարտականություն։

ՊԵԿ տեղեկատվական շտեմարանների և այլ աղբյուրների ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրամաշնորհային ծրագրի իրականացման շրջանակներում ՀԿ-ն 2017-2018թթ․ մի առևտրային ընկերությունից ձեռք է բերել ծառայություններ: Վերջիններիս արժեքը համադրվել է նույն ժամանակաշրջանում ընկերության կողմից հաշվարկված աշխատավարձի և կատարված ձեռբերումների վերաբերյալ տվյալների հետ: Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ ՀԿ-ի ունեցած ռեսուրսները բավարար են եղել իրականացնելու այն աշխատանքները, որոնք ներկայացվել են որպես ընկերությունից ձեռբերված ծառայություններ: Վերոնշյալի հիման վրա ՀՀ ՊՎԾ-ի կողմից արված մշտադիտարկմամբ հետևություններ են կատարվել այն մասին, որ նշված ՀԿ-ն առևտրային ընկերությունից ձեռք է բերել անապրանք փաստաթղթեր։

Ուսումնասիրությամբ տվյալներ են ստացվել նաև, որ միջոցառման իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեով նախատեսվել են էականորեն ավելի շատ միջոցներ, քան պահանջում էին իրական կարիքները։

Մշտադիտարկման արդյունքներում արձանագրված ելակետային տվյալների հիման վրա ՀՀ ՊԵԿ-ի կողմից կատարված նախնական հաշվարկի համաձայն՝ անապրանք փաստաթղթեր դուրս գրելու կամ ստանալու դեպքում որպես տուգանք գանձման է ենթակա գործարքի փաստացի կատարումը հավաստող փաստաթղթերում նշված գումարից շեղումների չափով, որը տվյալ դեպքում կազմում է շուրջ 138.5մլն դրամ։

ՀԿ-ի կողմից անապրանք փաստաթղթեր ձեռք բերելու հանգամանքն, ըստ դատախազության հաղորդագրության, առերևույթ վկայում է դրամաշնորհային պայմանագրերով սահմանված պահանջների խախտման, այն է՝ նախատեսված ֆինանսական աջակցության գումարները վերոնշյալ չափով պայմանագրով նախատեսված նպատակներով չօգտագործելու և կազմակերպության ծառայող(ներ)ի կողմից հնարավոր վատնելու մասին։

Հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG